Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով նոր քաղաքական պլատֆորմի՝ Քաղաքական լիգայի ստեղծման նախաձեռնության մասին:
Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների անցկացումը առանձահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի և ապագայի համար: Հարկ է ընդգծել նաև հեղափոխության բերած նոր հնարավորությունները և հեռանկարը Հայաստանի հասարակության և պետության և հայ ժողովրդի միասնականության ապահովման գործում:
Միաժամանակ մատնանշելով՝
- հեղափոխության տեղապտույտի առկա վտանգը, կառավարման անարդյունավետությունը, անհասկանալի կադրային քաղաքականությունը, նոր իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մեծ պակասն ու քաղաքական անփորձությունը,
- կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները նոր, արդյունավետ և իշխանությունների տարանջատումն ապահովող պետություն կառուցելու ճանապարհին,
- նոր ձևավորված խորհրդարանում պառլամենատարիզմի բացակայությունը,
- դատաիրավական համակարգում փոփոխությունների դանդաղումը,
Արձանագրելով՝
- բոլոր ոլորտներում համակարգային, հայեցակարգային մոտեցումների բացակայությունը,
- քաղաքական դաշտի անկատարությունը, գործող օրենսդրության վտանգները այդ դաշտի կայացման համար,
Հաշվի առնելով՝
- գլոբալացող աշխարհի մարտահրավերները ազգային ինքնության և արժեքների համար,
Տագնապելով՝
- Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքներից, ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռուսական գործոնի և ուղղության վտանգահարույց ներկայությունից և թելադրանքից,
- Հայաստանի եվրաինտեգրման դանդաղումից,
- ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծման հնարավորությունից,
Ես՝ ՀՀ քաղաքացի Նարինե Մկրտչյանս, կարևորելով ազատականությունը, ժողովրդավարությունը, Հայաստանի զարգացման արևմտյան ուղղությունը՝
Հայտարարում եմ՝
նոր քաղաքական պլատֆորմի՝ Քաղաքական լիգայի ստեղծման նախաձեռնության մասին:
Քաղաքական լիգայի առաջնահերթություններից է քաղաքական օրակարգի ձևավորումը, որի խնդիրներից են՝
- Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը նպաստող ծրագրի և գործողությունների հաջորդականության մշակումը:
- Նոր Սահմանադրության նախագծի մշակման և հանրաքվեի անցկացման պահանջների հետապնդումը,
- Նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումն ամենամոտ ժամանակներում,
- Հայաստանի կառավարման արդյունավետության հանրային վերահսկումը:
Ազատ, արդար, օրինական, ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանի կայացումը դառնալու է Քաղաքական լիգայի ճանապարհի ընտրությունը:
Քաղաքական լիգայում կարող են միավորվել անհատ քաղաքացիներ, կազմակերպություններ և կուսակցություններ»: