Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը ԱԺ ամբիոնից իր հասցեն հնչեցրած հայտարարությունների համար դատի է տվել 1in.am-ի սեփականատեր, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին։Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Անդրանիկ Մանուկյանը՝ նշելով, որ պահանջում է պատվին ու արժանապատվությանը պատճառած վնասի հատուցում:
Մեզ հետ զրույցում գործով փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտնեց, որ դատական հայցը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել երեկ՝ փետրվարի 4-ին։
Նրա խոսքով՝ Անդրանիկ Մանուկյանը վիրավորական է համարել Արման Բաբաջանյանի 7 արտահայտությունները և պահանջել են Արման Բաբաջանյանին պարտավորեցնել՝ հրապարակային ներողություն խնդրել Մանուկյանից, հերքում տարածել ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցներով և նրա հասցեին հնչեցված արտահայտությունների համար՝ վիրավորանքների ու զրպարտությունների համար գանձել 1-ական դրամ, ընդհանուր առմամբ՝ 7 դրամ։
Հիշեցնենք՝ հունվարի 16-ին, խորհրդարանում, պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները:
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանը հայտնել էր, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արման Բաբաջանյանի դեմ․ «Նրա մեղադրանքները հայտարարություններ են հանցագործության մասին և պահանջում եմ, որպեսզի նա ապացուցի իր հայտարարությունների իսկությունը, եթե ապացուցի, ուրեմն ես պատասխան կտամ օրենքի ողջ խստությամբ, եթե ոչ՝ ապա այդ պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա՝ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործելով զրպարտանք տարածելու համար»,- ասաց Մանուկյանը։
Սոնա Հարությունյան