«Ժամանակ» օրաթերթն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող գազալցակայանները աշխատել են հարկերը թաքցնելով, ինչի հաշվին էլ բարեգործություններ են իրականացվել:
«Ժամանակ» օրաթերթի դեպքում արդեն իսկ օրինաչափ է լրագրողական բացարձակ ապաշնորհ գործելաոճը, երբ լուրը տպագրելուց առաջ պարզապես անհրաժեշտ էր լսել երկրորդ կողմին: Իսկ իրականությունն այն է, որ այդ գազալցակայանները օրենքով սահմանված կարգով կատարել են իրենց բոլոր հարկային պարտավորությունները:
Այլ բան է, որ հարկային մարմինների ինչ-ինչ հաշվարկների արդյունքում գազալցակայաններին վերագրվում են որոշակի բացթողումներ, որոնք, սակայն, բացարձակ հիմնազուրկ են: Այդ հաշվարկները չունեն որևէ իրավական, տեխնիկական, տեխնոլոգիական փաստական հիմք, և այս պահին «Մուլտի Գրուպ» կոնցեռնը դրանք վիճարկում է օրենքով նախատեսված բոլոր գործիքակազմերով:
Դրանց բողոքարկման և ճշմարտության բացահայտմանն ուղղված դատական հայցերն արդեն իսկ ներկայացված են: Իսկ որոշ շրջանակների՝ ապատեղեկատվության տարածման արդեն դասական դարձած գործելաոճը, հավատացե՛ք, դատապարտված է անհաջողության, քանզի Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը տասնամյակների պատմություն ունի և դարձել է կենսակերպ: Սակայն սա բացառապես չարությամբ և չկամությամբ առաջնորդվող անձանց համար դժվար թե հասկանալի լինի:
Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան