Բազմիցս և տարբեր ամբիոններից բարձրաձայնել եմ Արսեն Թորոսյանի կողմից «հրամայված» «Իշեմիկ կաթվածների բուժման ազգային ծրագրի» հետ կապված խնդիրները։

Անկեղծ ասած, մտածում էի, որ ծրագիրն ընդունվելուց առաջ քննարկվել է մասնագիտական խմբերի հետ, սակայն 06.02.19-ին` ռեանիմատոլոգների, նյարդաբանների և նյարդավիրաբույժների ընդլայնված նիստի ժամանակ տեղեկացա, որ որևէ քննարկում չի եղել, ծրագրի ընդունումը «ինքնիրավչություն է»։

Նշեմ, որ այս ծրագրի նախագիծը դեռևս ներկայացված է եղել 4 տարի առաջ իմ բաժանմունքի կողմից, սակայն չի ընդունվել, քանզի լուրջ մասնագիտական քննարկումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք թերություններ։ Ծրագիրը հետ է ուղարկվել` թերությունները շտկելու համար։

Ինչևէ, պարոն Թորոսյանը հավանաբար բացել է նախորդ նախարարների արխիվները և գտել ծրագիրը։ Առանց անցկացնելու քննարկումներ մասնագետների հետ, այն ներառել է իր PR – ծրագրի մեջ` փաստացիորեն փաստի առաջ կանգնեցնելով բժիշկներին (այդ մասին վկայում են մասնագետների բարձրաձայնումները, որոնք ներկայացնում եմ ստորև)։

 

Ի՞նչ տեղի ունեցավ ծրագրի ներդրումից հետո։

Ինչպես ասում են - «Մի քեֆ, մի ուրախություն»։

 

Փետրվարի 1-ից շտապօգնության ծառայությունը կաթվածի կասկածի դեպքում հիվանդներին սկսեց տեղափոխել միայն «Հերացի» թիվ 1 ՀՀ և «էրեբունի» ԲԿ։

«Հերացի» թիվ 1 ՀՀ-ում առաջացան խնդիրներ. չէր աշխատում համակարգչային տոմոգրաֆիայի սարքը (KT), առանց որի կաթվածի ախտորոշումը և հետագա բուժումը անհնարին է։

Այսպիսով մնաց միայն մեկ հիվանդանոց, որն իհարկե «ռեզինից» չէ։

Ծրագրի իրականացման արդեն 4-րդ օրը «Էրեբունի» ԲԿ-ից շտանօպգնությանը տեղեկացրեցին, որ տեղ չունեն և հիվանդ ընդունել չեն կարող։

Շտապօգնության բժիշկները կանգնեցին փաստի առաջ։

Սկսեցին հիվանդներին տեղափոխել այլ կլինիկաներ, որոնք չեն մասնակցում ծրագրին, հետևաբար չունեն թանկարժեք դեղամիջոցը և, դեռ ավելին, բուժումը համավճարային սկզբունքով է։

Ահա այստեղ սկսեցին առաջին առճակատումները, սպառնալիքները, օնլայն և հեռախոսային հայհոյանքները բժիշկների հասցեին (ահազանգում են բժիշկները)։

 

Երեկվա ընդլայնված քննարկումից պարզ դարձավ, որ Արսեն Թորոսյանի PR ևս մեկ փուչիկ լցված է ոչ թե իրական, մտածված և ազգանպաստ գործունեությամբ, այլ այնտեղ նույնպես օդ է, այն էլ` գարշահոտ։

Պարոն Թորոսյանը շուտով ստիպված է լինելու կրկնել հանրահայտ ասացվածքը. Մարինան ճիշտ էր, ես` սխալվեցի։

 Հղումներ.

 

  1. https://www.youtube.com/watch?v=iWlAOhD0DP8&feature=share
  2. https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=hUIGUQQ9vAM&fbclid=IwAR0rg4kR8KzjLZDBijU2fXVff7_Wrkul207ipP6iHKwhqFF4eQuYW4uy8ic&app=desktop
  3. https://www.youtube.com/watch?v=Nbu8uIvVtvE&feature=share
  4. https://www.youtube.com/watch?v=fVJeKciJMzE&feature=player_embedded&fbclid=IwAR1M8mX9oaUuI_6vEc_u1gqkjbFmn8zXt9B5SUSMnXxAEnDjjko5fpzZ4xM
  5. https://www.youtube.com/watch?v=PUGEhq-WHpc&feature=player_embedded&fbclid=IwAR1egZqNXwL1cWNvAD_9I8oCi-nVqjBZI2_lP5UzegEBP7lrshRzQsmKnG

Մարինա Խաչատրյան