ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա ընտրվեց փետրվարի 7-ին հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ, միաձայն:
«Հատկապես վերջին շրջանում հետևելով Անի Սամսոնյանի նախկին աշխատանքին` Երևանի ավագանու իր գործունությունը, տպավորություն եմ ստացել, որ մենք գործ ունենք անաչառ գործչի հետ»,-ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անի Սամսոնյանը նշեց, որ ուրախ է հանձնաժողովի վերաբացման առիթով: Դա շատ կարևոր էր հատկապես ընդդիմադր քաղաքական ուժերի համար: «Այս տարիների ընթացքում, երբ հանձնաժողովը չկար, նախորդ իշխանությունը փորձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներդնել նոր մեխանիզմներ: Սակայն ընդհանուր համակարգի կոռումպացված լինելու և շատ այլ հարցերի պատճառով այդ բարեփոխումները չեն հաստատվել և տարիների ընթացքում կուտակվել են: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի համակարգը դեռ կայացած չէ, և անհրաժեշտ է ներդնել կայուն մեխանիզմներ»,- նշեց Սամսոնյանը:
Նա շատ ճիշտ համարեց, որ հանձնաժողովը ղեկավարելու Է ընդդիմության ներկայացուցիչը: Սամսոնյանը նշեց, որ այդ կերպ ընդդիմությունը կարող է ունենալ վերահսկողության գործառույթները, որոնք իսկապես միտված կլինեն ոլորտի կայացմանը: Հանձնաժողովի փոխնախագահը խոստացավ, որ աշխատելու է շատ պատասխանատու կերպով:
Նախքան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ընտրվելն Անի Սամսոնյանը եղել է Երևանի ավագանու անդամ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը բաղկացած է տասը պատգամավորներից. սակայն հաստատված է դեռ իննի թեկնածությունը: ԲՀԿ-ից Տիգրան Ստեփանյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի: