Ամիսներ առաջ քաղավիացիայի վարչության պետ Տաթև Ռևազյանը հարցազրույց էր տվել, որից պարզ էր դարձել, որ մասնագետների կողմից մինչ այս բարձրացված խնդիրների մասով դեռ հստակ ուսումնասիրություններ չեն արվել: Ի դեպ` հարցազրույցի ժամանակ հնչեցված մի քանի մտքեր սոցիալական ցանցերում քննադատության էին արժանացել: Նորանշանակ պետն ավիացիայի ոլորտում առանձնացրել էր, ասենք, վատ մենեջմենթը, իսկ, օրինակ, օդի հարկի, կոռուպցիոն այլ հնարավոր ռիսկերի մեջ՝ ըստ էության դեռ չի հասցրել խորանալ:
 
Բացի այդ, առկա է «Ավիացիայի մասին» օրենքի վերանայման եւ փոփոխության, նաեւ՝ ազգային մրցունակ ավիափոխադրողների ընկերություններ հիմնելու անհրաժեշտություն, օդային տրանսպորտով ՀՀ-ից մեկնողների համար սահմանված 10 հազար դրամ տուրքի վերանայման, ավիափոխադրումների շուկայի կարգավորման, ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագրում հեղափոխական լուծումների, ինչպես նաեւ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ին նախկին կառավարության կողմից տրված մենաշնորհի վերանայման անհրաժեշտություն: Բացի այդ, Ռևազյանը խոստանում էր վերանայել ավիատոմսերի գինը, աշխատել դեպի Հայաստան՝ նոր ուղիղ չվերթների կազմակերպման ուղղությամբ, սակայն վերջին ամիսներին ականատես ենք լինում տրամագծորեն հակառակ գործընթացի՝ ավիատոմսերի շուկայում թանկացումներ են, իսկ դեպի Հայաստան կատարվող ուղիղ չվերթների թիվը ավելանալու փոխարեն՝ պակասում է:
 
Սակայն վերոնշյալ խնդիրները կարծես թե Ռևազյանին չեն հուզում: Վերջինս պաշտոնավարման ամիսներին աչքի է ընկնում ոչ թե տքնաջան աշխատանքով, այլ սկանդալներով, որոնց մեջ մեկը մյուսի հետևից հայտնվում էր: Նշանակվելուց հետո տեղեկություն տարածվեց, որ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ, մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է Հայաստանի համար իր օդային տարածքը և սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ: Հանդիպումն ինքնին զարմանալի է նրանով, որ, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից և արտաքին գործերի նախարարներից զատ այլ մակարդակներում՝ երբևէ որևէ այլ երկկողմ հանդիպում տեղի չի ունենում: Դա էլ դեռ քիչ էր, հայտնի դարձավ, որ բազմազբաղ Ռևազյանը բյուջեի հաշվին իրեն 13.4 միլիոն դրամով նոր ավտոմեքենա է գնել և կարելի է վստահորեն հայտարարել, որ քաղավիացայի ոլորտում վերջին ամիսներին կատարված միակ գործնական փոփոխությունը քաղավիացիայի պետի ավտոպարկի թարմացումն էր…Մինչդեռ ավելորդ է ասել, որ նման ռազմավարական ոլորտում արձանագրվող պասիվությունը և նախաձեռնողականության պակասը անմիջական սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը՝ հաշվի առնելով այն տարածաշրջանային իրողությունը, որի մեջ այսօր ստպված ենք գոյատևել...