Տևական ժամանակ է՝ հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարի վտանգված լինելու մասին բարձրաձայնվում է, սակայն պատկան մարմինների կողմից որևէ աջակցություն չի ցուցաբերվում։ Որմնանկարը գտնվում է Գյումրիի կիսավեր, փլատակների վերածված «Օմեգա» գործարանում։

Մինաս Ավետիսյանի որդին՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրավոր դիմել են Մշակույթի նախարարություն, սակայն դեռևս որևէ դրական արձագանք չեն ստացել։

«Նախանցած տարի Մշակույթի նախարարությանը խնդրել էինք՝ գոնե պահպանման համար գումար հատկացնել, որ մինչև վերականգնելը հնարավոր լինի պահպանել, սակայն դարձյալ չտրամադրեցին»,- ասաց Արման Ավետիսյանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք բարեգործական հիմնադրամները չեն հետաքրքրվում կամ աջակցություն չեն ցուցաբերում որմնանկարի վերականգնման համար, «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը պատասխանեց․

«Մինչ այժմ հետաքրքվել են, անհանգստություն են արտահայտել, սակայն դեռևս կոնկրետ այս որմնանկարի համար գումարային աջակցություն չենք ստացել։ Նախկինում վերականգնվել է Մինաս Ավետիսյանի 8 որմնանկարներ, սակայն «Գիշեր» որմնանկարին ուղղակի հերթ չի հասել»։

Իսկ թե ինչով էր պայմանավորված, որ նման առաջնահերթություն ունեցող կտավն առաջինը չի վերկանգնվել՝ Արման Ավետիսյանը նշեց, որ դա պայմանավորված է որմնանկարների վերականգնման համար աջակցություն ցուցաբերողների ցանկությամբ։

Ավետիսյանը նաև հայտնեց, որ «Ցերեկ» որմնանկարն արդեն պահպանելու համար միջոցներ ձեռնարկելու իմաստ չունի, այն կարելի է համարել կորսված, բայց «Գիշերը» դեռ կարելի է վերականգնել, որի համար անհրաժեշտ է շուրջ 25 000 դոլար։ «Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակը մեր մշակութային քաղաքականության անփութության հետևանքն է։ Ես կարծում եմ հանցագործություն է այդպիսի աշխատանքներին անփութորեն մոտենալ»