ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորանքի խոսքում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Ազարյան, սիրելի վարպետ, հայկական սպորտի և օլիմպիական շարժման դեռևս չգերազանցված լեգենդ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Դուք համաշխարհային սպորտի այն մեծություններից եք, որը ոչ միայն ծանրակշիռ ավանդ և հսկայական վաստակ ունի մարմնամարզության զարգացման գործում, այլև միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայկական սպորտը:
Դուք մարզիկի, մարզչի, ֆեդերացիայի նախագահի և ուղղակի՝ սպորտի նվիրյալի լավագույն օրինակ եք, որին ձգտելու են նմանվել դեռ շատ ու շատ սերունդներ, սերունդներ, որոնց համար «ազարյանական խաչը» լինելու է մարզական ձեռքբերումների նշաձող:
Սիրելի պարոն Ազարյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ 90-ամյա հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ապրել և աշխատել Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով: Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ և երկար տարիների կյանք»: