Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական շրջանը բավականին լարված է անցնում։ Համայնքապետի թեկնածուներից Գևորգ Սիմոնյանին արգելվել է քարոզարշավ իրականացնել Վարդենիսի հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Նշվածը հիմք է հանդիսացել Սիմոնյանի ու իր աջակիցների կողմից՝ փակելու Վարդենիս-Երևան ավտոճանապարհը։
Նշենք, որ այստեղ շոշափվում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անունը, իբրև թե նա ստեղծում է արհեստական խոչընդոտներ և աջակցում Վանդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԺՊ Արամ Մելքոնյանը ժխտեց վերոնշյալ տեղեկությունը․ «Գնել Սանոսյանը իմ հետ ոչ մի առնչություն չունի։ Մենք կրակի մե՞ջ ենք, որ մի կուրսում ենք սովորել։ Նրան վերջին անգամ տեսել եմ մարզխորհրդի նիստում, բայց հեռվից եմ տեսել։ Ինչի՞ են փորձում կապել էս ամեն ինչը»,- ասաց Մելքոնյանը։
Վերջինս նախընտրական շրջանում բնական համարեց թեկնածուների կողմից բողոքի ձայն բարձրացնելը, սակայն հիվանդանոցի աշխատակիցների հետ քարոզարշավ իրականցնելու վերաբերյալ նկատեց, որ օրենքով պետական հիմնարկություններում չի թույլատրվում․«Հոգեբուժարանում անթույլատրելի է քարոզարշավ իրականացնել։ Ենթակա կառույցներին ասել եմ՝ օրենքի սահմաններում եթե թույլատրվում է, ես չեմ մտնի, իրենք եթե ցանկանան մտնել, թող մտնեն։ Ես խտրականություն չունեմ։ Գևորգ Սիմոնյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ։ Չեմ հասկանում՝ ինչի հետ է կապված սա։ Իրենք պատճառաբանում են՝ ինչու եմ ես մտել հիվանդանոց։ Ես երկու ամսվա ընթացքում 4 անգամ եղել եմ այնտեղ, ստուգել եմ գիշերային հերթափոխությունը, քանի որ հիվանդանոցի հետ կապված կային բողոքներ, որ լավ չեն աշխատում։ Ես ինչպե՞ս կարող էի չմտնել, եթե դա մեր համայնքում գործող շատ կարևոր նշանակություն ունեցող կառույց է»,-ասաց նա։
Մելքոնյանը պատճառաբանում է, որ չի հանդիպել բողոքի ցույց անողների հետ, քանի որ չի ցանկանում կրքերը բորբոքել, սակայն պատրաստ է իր աշխատավայրում լսել բոլորի բողոքները․ «Ինձ չեն դիմել, միանգամից փողոց են փակել։ Կենկրետ չգիտեմ՝ ինչի մեջ է իրենց դժգոհությունը, բայց հասկանում եմ մի բան, որ շատ անհիմն է։ Երևի ինչ-որ բաների ցանկանում են հասնել նախկին ՀՀԿ-ականների ճանապարհով, այլ բան չեմ տեսնում։ Ես մաքուր և արդար աշխատում եմ, դա ժողովուրդն էլ է տեսնում ու էսպես էլ շարունակելու եմ»,- ասաց Մելքոնյանը և ամփոփելով, առանց անուններ նշելու՝ ասաց՝ «իրենց քանդածներն եմ կառուցում, ես ոսկի սարեր խոսք չեմ տալիս»։
Նշենք, որ փետրվարի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։