ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նշել է, թե ըստ իրենց ծրագրի որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները:

Փետրվարի 12-ին վարչապետն այս մասին խոսել է՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Այսօր մեր հանրակրթության համակարգում շուրջ 12 հազար հաստիք կա, որոնց կարիքը չկա ընդհանրապես: Այսօր մեր երկրում կան մանկավարժներ, ովքեր ստանում են 25 հազար աշխատավարձ այն դեպքում, երբ բյուջեով սահմանված է, որ աշխատավարձը պետք է լինի 125 հազար դրամ: Սա այն պատճառով է, որ մեկ դրույքի վրա գրանցում են մի քանի հոգու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մինչև պետական և հանրային օրգանիզմը չառողջացնեն, այդ խնդիրները չեն կարող լուծվել:

«Պետք է գտնենք, թե մեկ դրույքի վրա գրանցված ով է այդ ավելորդ աշխատողը, իրեն պետք է ասենք, որ գնա զբաղվի իր գործով, որպեսզի մանկավարժն էլ իր աշխատավարձով անի իր աշխատանքը: Թոշակների ավելացման համար Կառավարությունն իր բաժինը կանի ստվերի դեմ պայքարելով, բայց, եթե թոշակառուն գնա իր թոշակով շաքարավազ գնի ու կտրոնը չվերցնի, իր թոշակը շատ քիչ է բարձրանալու»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

 Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.

արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),

պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),

ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),

 մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու 

բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային 

տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),

տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),

բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),

պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր 

թվի ձայների մեծամասնությամբ: