ԵԿՄ վարչությունում օրերս տեղի ունեցած հավաքը և կառույցի անդամ Արամ Սարգսյանի անսպասելի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել շատերի մոտ: ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, թե ինչն է պատճառ դարձել, որ Սարգսյանն իր թեկնածությունն առաջադրելու հարցը բացառի:
Երբ ԵԿՄ-ում դեռ խմորումներ էին տեղի ունենում, մենք զրուցել էինք փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ, ով նշել էր, որ իր ձայնը «միանշանակ» տալու է Արամ Սարգսյանին. «Նա մեծ ճանապարհ ունի անցած թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակական դաշտում, ազնիվ է: Ես ոչ միայն սատարելու եմ Արամ Սարգսյանին, այլև իմ բոլոր ընկերներին կոչ եմ անելու նրա օգտին քվեարկել և շատերը հենց նրան են տեսնում ԵԿՄ նախագահ»,- ամիսներ առաջ մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն էր արել Ղուկաս Ուլիխանյանը:
Ուշագրավ է այն, որ ԵԿՄ-ի՝ վերջերս կայացած նիստում թե՛ Ղուկաս Ուլիխանյանը, թե՛ իր ընկերները միաձայն ընտրել էին բոլորովին այլ թեկնածուի՝ «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ.
Պարո՛ն Ուլիխանյան, շատերդ կողմ էիք Արամ Սարգսյանի թեկնածությանը, ինչպե՞ս ստացվեց, որ նախապատվությունը տվեցիք Սասուն Միքայելյանին:
-Այն ժամանակահատվածում վարչությունը որոշում էր կայացրել ընտրել Արամ Սարգսյանին, քանի որ նպատակահարմար էր գտել այդ կերպ գնալ խնդրի լուծմանը: Սակայն որոշ ժամանակ անց Արամ Սարգսյանը փոխեց իր որոշումը, ասելով, որ այս փուլում բացառում է իր առաջադրումը և, հետևաբար, ԵԿՄ-ն այսօր կայացրեց իր որոշումն ու ընտրեց Սասուն Միքայելյանին:
Բայց Սասուն Միքայելյանին շատերդ դեմ էիք, հիմա ի՞նչը փոխվեց ԵԿՄ-ականների մեջ:
-Երբ Արամ Սարգսյանը կոնսուլտացիաներից հետո Սասուն Միքայելյանի հետ որոշեց, որ չի առաջադրելու թեկնածությունը, ԵԿՄ-ականների որոշումը նույնկերպ արտահայտվեց:
Այսինքն՝ Արամ Սարգսյա՞նն է ԵԿՄ-ականներին ասել, որ ընտրեն Սասուն Միքայելյանին, և դրա՞ համար են կառույցի անդամներն իրենց որոշումը փոխել:
-Ոչ միայն Արամ Սարգսյանի ցանկությամբ են այդպես որոշել, այլ նաև իրենք են ունեցել նման ցանկություն:
Դուք կո՞ղմ եք Սասուն Միքայելյանին:
-Իհա՛րկե, ես կողմ քվեարկողներից մեկն եմ եղել:
Բայց ամիսներ առաջ դուք 2 ձեռքով կողմ էիք Արամ Սարգսյանին, գոնե կարող էիք ձեռնպահ մնալ: Ինչո՞ւ ընտրեցիք Արամ Սարգսյանին:
-Ես ցանկանում եմ ԵԿՄ-ն տեսնել որպես ամուր, համախմբված մի կառույց: Տվյալ պարագայում իմ որոշումն էականորեն չի փոխվել. ես ուզում եմ ԵԿՄ-ն համախմբված լինի:
Սասուն Միքայելյանը կկարողանա՞ համախմբել ԵԿՄ-ն և դարձնել գոնե այն կառույցը, ինչը Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք էր:
-Իհա՛րկե, Վազգեն Սարգսյան ոչ ոք չի դառնա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի նախանշած ուղեծրով ընթանա և կարծում եմ, որ պարոն Միքայելյանը կկարողանա:
Ըստ Ձեզ, Սասուն Միքայելյանը, լինելով քաղաքական ակտիվ կյանքի և իշխանության ներկայացուցիչ, ԵԿՄ-ն կդարձնի՞ քաղաքական կառույց, ինչը որ նախկինում էր, կկարողանա՞ զսպել իրեն և չօգտագործել իշխանական լծակները:
-Չեմ կարծում:
Չեք կարծու՞մ, թե՞ վստահ եք:
-Մենք ամեն ինչ կանենք, որ դրան չհասնի: Ես Սասուն Միքայելյանին ճանաչելով եմ քվեարկել իր օգտին:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ