Երևանի Ավան վարչական շրջանից դեպի Կենտրոն գնացող երթուղային ավտոբուսները որոշ ժամանակով չեն գործել: Քիչ առաջ բնակիչները ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ վարորդները գործադուլ էին հայտարարել և որոշել այսօր գիծը չսպասարկել:

Դեռ մեկ ժամ առաջվա դրությամբ Ավանի կանգառներում տասնյակներով մարդկանց հերթ է գոյացել, որոնք չէին կարողանում տեղաշարշվել քաղաքի մի մասից մյուսը, նրանք պատմում են նաև, որ տաքսիները նույնիսկ չէին հասցնում խմբերին տեղափոխել:Ըստ նրանց` օնլայն տաքսիներն էլ թանկացրել են՝ մինիմալ ուղեվարձը դարձնելով 1000 դրամ: Խնդրի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, վերջինս նշեց, որ նա նման տեղեկության չի տիրապետում.

«Չկա գործադուլ, կա պարզապես անհամաձայնություն տնօրինության հետ, սակայն խնդիրը լուծված է և ժամը 9-ից արդեն բոլոր երթուղայինները բնականոն հունով աշխատում են»: