Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույնն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։ Դրանից հետո էլ, այդ ոչ հեղափոխական թվերի ֆոնին վարչապետ Փաշինյանը հայտարարեց տնտեսական հեղափոխության մասին: Ու հենց այստեղ էր, որ Փաշինյանին մեծագույն հիասթափություն էր սպասվում՝ մինչ ԱՎԾ–ում զբաղված էին մակրոցուցանիշները հաշվելու գործընթացով, ԿԲ–ն կանխատեսեց ՏԱՑ աճ 5 տոկոսի շրջակայքում (ԱՎԾ–ի հրապարակածի համաձայն՝ ՏԱՑ–ը 5,8 տոկոս է, այսինքն՝ մոտ է 6–ին, այլ ոչ թե 5–ի շրջակայքում է)։ Հաշվի առնելով իր կանխատեսումը և գնաճի՝ նպատակային 4 տոկոսից ցածր մակարդակը՝ ԿԲ խորհուրդը հունվարի 29–ին որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով՝ դարձնելով այն 5,75 տոկոս։ Սա իր հերթին լակմուսի թուղթ է, որը լավագույնս արտացոլում է մեր երկրի տնտեսական վիճակը: Ասել է թե՝ այդ վիճակը, մեղմ ասած, տարբերվում է Փաշինյանի պոզիտիվ ստատուսներից և կանխատեսումներից:
ԿԲ-ն իր այս քայլը պարզաբանել է հետևայլ կերպ՝ «2018 թվականի վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ, իսկ տարվա տնտեսական աճը սպասվում է 5.0%-ի շրջակայքում: Համախառն պահանջարկի թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ»։
Այլ կերպ ասած՝տնտեսության վիճակը մտահոգիչ է, և ԿԲ-ն դա չի ցանկանում թաքցնել: Ուշագրավ է, որ դրանից հետո մամուլում ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում այն պնդմանը, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխարինել ԿԲ նախագահին: Ինչպես երևում է՝ Ջավադյանը չի ցանկանում գեղեցիկ թվեր նկարել՝ պահպանելու համար տնտեսական հեղափոխության մասին իշխանությունների միֆը, հետևաբար, Փաշինյանը կարող է ունենալ ցանկություն Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրին փոխարինելու սեփական հավատարիմ կադրով…