Այսօր խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ ոլորտի մի շարք կարևորագույն հարցերին: Կարևորագույն՝ իր տեսանկյունից, քանի որ վստահ ենք՝ հեղափոխությունն արվել է, որպեսզի հեղափոխական փոփոխություններ տեղի ունենան նաև Հայաստանի «աքիլլեսյան գարշապար» հանդիսացող ոլորտում: Մինչդեռ պետք է ընդունենք, որ նախարարի ինքնագովքը, թե բանտերում հեղինակություններին զրկել են «ռեմոնտի գործին» խառնվելուց՝ հեղափոխական փոփոխություն չես անվանի, հատկապես ոլորտում առկա լուրջ բացերի, խնդիրների ֆոնին: Օրինակ, Զեյնալյանին կարծես թե չի հուզում, որ քրեակատարողական հիմնարկներում տասից ավելի դատապարտյալներ հացադուլ են իրականացնում:
Նախարարն այս հարցում ուլտրա–ժողովրդավարական դիրքորոշում է որդեգրել, հայտարարելով, որ սննդից և ջրից հրաժարվելը դատապարտյալների իրավունքն է: Սա, իհարկե, ոչ այլ ինչ է, քան խնդիրներից ձեռքերը լվանալու ցանկություն: Զեյնալյանին չի մտահոգում անգամ վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում մահացող դատապարտյալների մտահոգիչ թիվը և այն հանգամանքը, որ այդ մահերի հանգամանքը պարզելու նպատակով պատշաճ հետաքննություն չի տարվում: Զեյնալյանն ինքը իրեն հանգստացնում է, հայտարարելով, որ ՄԻԵԴ ներկայացված դիմումները չեն ընկալվում որպես թշնամական ակցիա Հայաստանի նկատմամբ: Իհարկե, դրանք թշնամական քայլեր չեն, այլ քայլեր են՝ ուղղված Զեյնալյանի ղեկավարած ոլորտի սխալները շտկելուն: Ահա այս փաստն է, որ չի ցանկանում ընդունել նախարարը: Ահա այս խնդիրների մասին լռելով, նախարարը խոսում է մեծագույն ձեռքբերման՝ բանտերում հեղինակություններին «ռեմոնտի գործից» զրկելու մասին…