Հայ ազգային կոնգրեսը օրերս արած հայտարարությամբ ՀՀ կառավարությանն առաջարկել է փոխել Սահմանադրությունը, վերադառնալ կիսանախագահական համակարգին և անցկացնել նախագահական նոր ընտրություններ: Այս առիթով ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավորների տեսակետը:

Մեզ հետ զրույցում 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ-ի առաջարկը: Նա, անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելուն, նշեց՝ երբ փաստացի նախագիծ լինի՝ այդ ժամանակ էլ կխոսի. «Հիմա ամեն կուսակցություն, ամեն անհատ կարող է 300 ինչ-որ առաջարկություն անել։ Երբ դա կդրվի շրջանառության մեջ և կդառնա քննարկման առարկա՝ այդ ժամանակ ես մեծ հաճույքով կմեկնաբանեմ ու կպարզաբանեմ։ Ամեն մեկը թռուցիկ, մի տեղ նստած՝ կարող է առաջարկություն անել՝ մեկն ասի նախագահական, մյուսը՝ կիսանախագական, սուպերվարչապետական։ Չկա նախագիծ, երբ կյանքի կկոչվի՝ այդ ժամանակ էլ կխոսենք դրա մասին»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ շատ զբաղված է և չի հետևում պրոցեսներին:

6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ այն կարծիքին է, որ կիսանախագահական համակարգին անցնելը պետք է դուրս գա օրակարգից, քանի որ դա հետքայլ է. «Ճանապարհը, որն անցել ենք մինչև խորհրդարանական համակարգին անցնելը, մեծ ժողովրդավարական քայլ է, և ամբողջը ջնջել ու վերադառնալ այլ համակարգի՝ սխալ կլինի: Կարծում եմ՝ ՀԱԿ-ի հայտարարությունը պարզապես ասված տեսակետ էր և հույս ունեմ, որ այդ մասին քննարկումներ լայն մասսաների հետ չեն ունենա»,- նշեց նա:

Թե ինչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ը այդ հայտարարությամբ, Աճեմյանը դժվարացավ ասել. «Իրենք որոշակի կապեր ունեն իշխանությունների հետ, թեման գցել են շրջանառության մեջ, իսկ թե ինչ դուրս կգա դրանից՝ չեմ կարող ասել»:

Ըստ Աճեմյանի՝ այս պահին Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, սակայն հնարավոր է որոշակի փոփոխություններ անել վարչապետի լիազորությունների հետ կապված, ինչն առաջարկում էր հենց Նիկոլ Փաշինյանը. «Պարզ երևում է, որ ինքը լիազորություններն ավելացնում է, խախտում և այս պարագայում շատ հեշտ է սահմանագիծ անցնել և ժողովրդավար երկրից դառնալ դիկտատոր պետություն: Մենք 2015թ.-ին հանրաքվեով, լայն քննարկումների արդյունքում ենք փոխել Սահմանադրությունը և այն անընդհատ փոփոխությունների կարիք չպետք է ունենա, որ ով քնից զարթնի՝ որոշի Սահմանադրությունը փոխել»,-ասաց նախկին պատգամավորը:

«Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից: Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: Առաջնայինը պետք է լինեն ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն, այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը»,- այս մասին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Սոնա Հարությունյան