Վերջին օրերին տեղեկություն է տարածվել, որ կառավարությունը պատրաստվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Այս ամենի հետևանքով միայն սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակ ենք ունենալու, որովհետև ինչ-որ խմբի համար ավելի անհասանելի է դառնալու այս ապրանքը, մնացածն էլ սպառելու են, բայց ավելի քիչ։
Կառավարությունը փաստացի հետ կանգնեց մի շարք ռեզոնանսային փոփոխություններից, օրինակ՝ փաստաբաններին հարկային դաշտ բերելուց, սակայն այժմ էլ փորձում է մոտենալ, ինչպես ասում են՝ այլ կողմից: Կարծես թե նոր կառավարության հարկային քաղաքականության հիմքում դրված է հետևյալ սկզբունքը՝ չստացվի հարկել այս սուբյեկտներին. կան մյուսները: Սակայն հասկանալի է, որ այդպես տնտեսական թռիչքի չես հասնի, տնտեսական հեղափոխության մասին նույնիսկ չենք էլ խոսում:
Սակայն հետաքրքիր է, այնուամենայնիվ, ի՞նչն է կառավարությանը ստիպում ամեն գնով փորձել հպարտ քաղաքացիների գրպանի հաշվին լցնել բյուջեն: Կարծես թե խոսակցությունները, որ հետհեղափոխական Հայաստանի բյուջեն ինչ-ինչ պատճառներով ճեղք է տվել՝ այնքան էլ հեռու չեն իրականությունից: Իսկ բյուջեի պակասուրդը լրացնելու՝ թերևս ամենանվազ ցավոտ տարբերակը սեփական քաղաքացիներին հարկախեղդ անելն է: ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.24 %-ի չափով և կազմում է 151.6 մլրդ դրամ: 2019 թվականին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին կկազմի 225.1 մլրդ դրամ, ինչը կիրականացվի պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին՝ 70.0 մլրդ դրամ և արտաքին վարկերի հաշվին՝ 155.1 մլրդ դրամ: Սակայն հասկանալի է, որ դա բավարար չէ:
Գուցե հենց դա է պատճառը, որ իշխանությունները շուտափույթ կերպով ձգտում են լրացնել այդ բացը: Ակնհայտ է, որ ֆինանսների նախարարությունը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրած ԿԲ-ն Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմի պատանդ են և փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ բոլոր հնարավոր տարբերակներով: Իսկ հպարտ քաղաքացիներին սպասվող թանկացումներից զատ պետք է հետաքրքրի, թե ինչպես ստացվեց, որ բյուջեում փող չկա, գուցե հակահեղափոխականնե՞րն են իրենց հետ տարել, իսկ գուցե հեղափոխականները չե՞ն կարողացել դիմանալ գայթակղությանը…