Զինծառայություն չանցած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել սահմանված գումարն ու վերադառնալ Հայաստան:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետը:
Օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկվում է ԱԺ լիագումար նիստում:
«Նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, և նրանք այլևս զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, ազատվելով քրեական հետապնդումից` վճարել օրենքով սահմանված գումարը: Ամեն բաց թողնված զորակոչի համար պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով: Նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիների համար: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչ 2019-ի մարտի 1-ը»,-ասաց Գորգիսյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ առաջարկ է եղել ավելի երկարաձգել ժամկետը, սակայն քանի որ օրենքը համաներման տրամաբանություն ունի, նախօրոք թույլ չեն տալիս նման քայլի դիմել: Եվ որոշել են ժամկետը սահմանել մինչև մարտի 1-ը: