«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության նոր տնօրեն է նշանակվել։ Այսուհետ, տնօրենի պարտականությունները կկատարի Արթուր Ջանոյի Պողոսյանը։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում հայտնեցին «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ-ից։
Ինչպե՞ս ստացվեց, որ հենց նա դարձավ ընկերության տնօրեն, արդյոք պատրաստ է աշխատել նույն պայմաններով՝ փորձեցինք պարզել նորանշանակ տնօրենից։ Մեզ հետ զրույցում Արթուր Պողոսյանն ասաց, որ պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել է հիմնադիրներից՝ Ալեքսան և Գուրգեն Զաքարյաններից։
Նշենք, որ օրեր առաջ արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանի աշխատանքից ազատվելու համար ընկերության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։ Ըստ նրա՝ ազատման պատճառն այն էր, որ նա չի համաձայնել հիմնադիրների այն պահանջներին, ըստ որոնց՝ պետք էր աշխատավարձերի իջեցում և աշխատակիցների 30% կրճատում անել։ Արդյոք նորանշանակ տնօրենի առջև նման պայման դրվե՞լ է, թե ոչ՝ հարցին ի պատասխան Պողոսյանն ասաց․ «Ինձ ասել են, որ նման բան չկա, իրենք նման պահանջներ չեն դրել և չեն դնելու»,- վստահեցրեց նա։
Պողոսյանը նշեց՝ մասնագիտությամբ իրավաբան է և տեղյակ է ոլորտի խնդիրներին, պատկերացնում է իր աշխատանքը և կարծում է, որ այն արդյունավետ կլինի։
Նշենք, որ մարտի 1-ին, «Սեքյուրիթի դրիմ»-ի արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք է տվել արագաչափերի և տեսախցիկների վերահսկմամբ և տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերեր Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների դեմ այն մասին, որ ՃՈ կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:
Ինչպես նաև հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ, ըստ որի՝ Արամ Ղլեչյանն՝ իրականացնելով «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի տնօրենի պարտականությունները, հայտնաբերել է՝ «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ կողմից «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին ներկայացվել են ակնհայտ կեղծ հաշիվ ապրանքագրեր/հարկային հաշիվներ, որոնք կազմվել են «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ-ի հաշվապահ Սահականուշ Սահակյանի կողմից:
Սոնա Հարությունյան