Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Սա թեև մեծ ոգևորություն էր առաջացրել հայերի շրջանում , սակայն հարց է առաջնում՝ ինչո՞ւ է Թուրքիայի նախագահը, որն անթաքույց հակահայ գործիչ է և անգամ միջազգային ամբիոններն է օգտագործել հակահայակական կոչերի համար, այսօր հայերեն գրառում է կատարում իր թվիթերյան էջում։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ Էրդողանի գրառումն ամենևին նրա կողմից հայամետության դրսևորում չէ և պետք չէ այս գրառմանը մեծ նշանակություն տալ, քանի որ սա համաշխարհային լիդերների PR տեխնոլոգիաների մաս է կազմում․ «Էրդողանի թիմը նրա կերպարին որոշակի հանդուրժողականություն հաղորդելու համար կարող էր սա օգտագործել քարոզչական նպատակներով, ասելու՝ տեսեք Էրդողանն ինչ հավասար է մոտենում իր քաղաքացիներին, անկախ կրոնական պատկանելությունից և անգամ հայերեն գրառում է կատարում։ Քարոզչամեքենաները՝ տոլեռանդություն հաղորդելու համար երբեմն նման գործիքներ կիրառում են, բայց գիտենք, որ Էրդողանը հստակ հակահայ գործիչ է, և մենք պետք է տեսնենք Էրդողանի հակահայկականություն դրսևորող ելույթները, ոչ թե իր աշխատակազմի կողմից հայերեն արված թվիթերյան գրառումը»,- նշեց թուրքագետը։
Վերջինս Էրդողանի կողմից հայարեն գրառում կատարելու հնարավոր պատճառներից է համարում նաև թուրքական պետության ավանդույթը, որը դրսևորվել է դարեր շարունակ Պոլսո հայոց պատրիարքների նկատմամբ․
«Պոլսո հայոց պատրիարքը համարվել է հայ ազգի ղեկավար և սուլթանները, նախագահները պատրիարքի հետ շփվել են ոչ միայն որպես հոգևորականի, այլև՝ որպես համայնքի դե ֆակտո ղեկավարի։ Նրա ընտրության ժամանակ պետությունը շնորհավորում է, մահվան դեպքում՝ ցավակցական հեռագրեր են հղում։ Էրդողանը շարունակել է պետական արարողակարգի այդ մշակված գիծը։ Այստեղ որևէ զարմանալի բան չկա և հայամետության մասին խոսելը տեղին չէ»,-նշեց Մելքոնյանը։
Մեկ այլ պատճառ էլ քաղաքագետը տեսնում է մարտի վերջին Ստամբուլում սպասվող ՏԻՄ ընտրությունները, որտեղ քաղաքապետի թեկնածու է առաջադրել Էրդողանի կուսակցությունը․«Այս քայլը գուցե նաև նպատակ ունի Ստամբուլում ապրող հայերին կողմնորոշել իշխող կուսակցության ուղղությամբ։ Եվ Էրդողանի գրառումը, որը նույնիսկ Հայաստանում էր դրական ընկալվել, առավել դրական կազդեր Ստամբուլի հայերի շրջանում»,- հավելեց թուրքագետը։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ