Այն բանից հետո, երբ հայտարարվեց Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ Փաշինյան-Ալիև հանդիպման սպասվող հանդիպման մասին, ակնհայտ դարձավ, որ թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Բաքուն, թե՛ համանախագահները և շահագրգիռ կողմերը փոխել են իրենց հռետորաբանությունը: Հայաստանում գրեթե բոլոր բարձր օղակի չինովնիկները վերջին օրերին լծվել են հողերը հանձնելու մասին թեզի հերքմանը; Բացումն արեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ դեռևս Արցախում (ի դեպ, ուշագրավ է Վանեցյանի՝ Արցախ մեկնելու բուն փաստը), հայտարարելով, որ հայկական կողմը որևէ պարագայում ոչ մի թիզ հող թշնամուն չի զիջելու: Վանեցյանի հայտարարությանը, ընդ որում, պատասխանեց ոչ միայն Ադրբեջանի ԱԳՆ-ն, այլ նաև ՀՀՇ, իսկ ներկայում արդեն՝ ՔՊ կարկառուն կադրերից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, ով դիվանագիտորեն հակադրվեց Վանեցյանի ոչ մի թիզ հող կարգախոսին, նշելով, որ զիջումները լինելու են փոխադարձ: Ստացվում է՝ Փաշինյանի ներկայիս թիմում էլ կան մարդիկ, ովքեր այս հարցում սկզունքային են միմիայն Լևոն Տեր-Պետրոսյանի թեզի շրջանակներում: Վանեցյանին հաջորդեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը և նրա արած հայտարարությունը հակահարձակման անցնելու պատրաստակամության մասին՝ որոշակի դիսոնսանսի մեջ դրեց ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի՝ հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ծրագրի հետ: Խոսեց նաև ինքը՝ Փաշինյանը, Բրյուսելում թերևս վերջին 10 ամիսների ընթացքում առաջին անգամ ընդգծելով Արցախի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը:
 
Ի պատասխան հայկական կողմի հռետորաբանության կոշտացման՝ Բաքուն արտգործնախարար Մամեդյարովին շտապ գործուղեց Մոսկվա, որից հետո հենց ՌԴ-ից Լազարյան ակումբի ղեկավարության և այսպես կոչված փորձագիտական շրջանակների շուրթերից հնչեցին երկիմաստ հայտարարություններ՝ «օկուպացված տարածքների» զիջումների մասին: Երեկ էլ պարզ դարձավ, որ Բաքուն լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, որի նպատակը, անշուշտ, մեկն է՝ ճնշում բանեցնելը, սակայն ո՞ւմ վրա՝ Հայաստանի՞, թե՞ ՌԴ:
 
Արդյո՞ք մարտավարությունների նման կտրուկ շրջադարձը նախապես պլանավորված էր, և այս ամենը ընդամենը սեփական հասարակություններին հանգստացնելու, զգոնությունը բթացնելու նպատակ է հետապնդում: Չէ՞ որ այս պարագայում երկու կողմներն էլ մնում են իրենց համար սովորական դարձած ամպլուայում՝ հայակական կողմը սկզբունքային, ադրբեջանականը՝ ռազմատենչ: Մյուս կողմից, գուցե նախապես համաձայնեցված ծրագիրը իսկապես տապալվել է, այն առումով, որ Փաշինյանը հասկացել է, որ ի վիճակի չէ իրագործել այն նախատեսված ժամկետներում, հետևաբար, փորձում է վերադառնալ նախկին իշխանությունների հռետորաբանությանը, հասկանալով, որ բանակցային ֆորմատի փոփոխությունը ռեալ օրակարգ չէ և չի կարող լինել: Այս դեպքում, Տոնոյանի հայտարարությունները՝ հակահարձակման անցնելու մասին՝ տեղին են թվում, քանի որ պարզ չէ՝ ի՞նչ հետևանք կարող է ունենալ հայկական կողմի՝ խաղից դուրս գալը…