SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 16-ին, գլխավոր դատախազություն է դիմել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 69-ամյա Ստեփան Դանիելյանը և հայտնել, որ 2011 թ.-ին Հայաստանում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի նախագահ Վարդան Աթայանը նախնական պայմանավորվածության համաձայն՝ բանկում գրավադրված Սամվել Անտոնյանին պատկանող Իջևան քաղաքի Կիևյան փողոցի 12 շենքի թիվ 50 բնակարանի վաճառքից գոյացած գումարից իրեն պետք է փոխհատուցեր խոշոր չափի գումար։

Ս. Դանիելյանը հայտնել է, որ Վ. Աթայանը խաբեությամբ նշված բնակարանը առանց վաճառելու ձևակերպել է որպես բանկի սեփականություն և նշված գումարը չի փոխհատուցել: Գլխավոր դատախազությունից Ս. Դանիելյանի բողոքը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ս. Անտոնյանը ՀՀ ներքին գործերի նախկին բարձրաստիճան սպա է եղել, ով ներքին գործերի համակարգից ազատվել է աշխատանքից՝ սպայի պատիվը արատավորելու համար, քանի որ դեռ տարիներ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունում մի քանի բողոքներ են եղել նրա վերաբերյալ, ով մի քանի մարդկանց խաբել է, իսկ նրա եղբայրը՝ Եգոր Անտոնյանը, նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, եղել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը, իսկ հետո ոստիկանության համակարգից ազատվելուց հետո տևական ժամանակ աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ս. Դանիելյանի նշված գումարը կազմում է 10 հազար ԱՄն դոլարին համարժեք դրամ: