«Գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի տրամաբանությունը տվյալ հարկատեսակին համապատասխանում է, որովհետև ամբողջ աշխարհում հարկ կիրառվում է այն ապրանքատեսակների վրա, որոնք ազդում են մարդու առողջական վիճակի վրա կամ ճոխութուն են ենթադրում»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:
Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության որոշումը տնտեսագիտական տրամաբանությամբ ճիշտ է, բայց տնտեսական առումով կառավարությունը սխալ ճանապարհից է սկսել:
«Այդ քայլին նրանք դիմում են ստիպված, որպեսզի լրացնեն այն բյուջետային միջոցների պակասը որն առաջանում է եկամտահարկի համահարթ տարբերակին անցնելու արդյունքում: Եթե սխալ քաղաքականություն չվարեին և եկամտահարկի համահարթ տարբերակը չլիներ, ապա այս խնդիրը չէր առաջանա և հարկատեսակը չէր կիրառվի»,-ասաց Մովսես Արիստակեսյանը:
Ըստ նրա՝ կան մի շարք ուրիշ ապրանքատեսակներ, որոնց վրա ակսիզային հարկեր կարող էին դնել:
«Օրինակ՝ թանկարժեք ապրանքատեսակները ՝ ոսկին, ադամանդեղենը, ծովամթերքները, տարբեր ձկնկիթներ: Այս բոլորը հասարակ քաղաքացին չի օգտագործում, քանի որ դրանք շռայլության ապրանքատեսակներ են և կարելի էր դրանց միջոցով լրացնել պետական բյուջեն»,- նշեց նա:
Հարցին, թե արդյո՞ք կառավարության այս որոշումը չի հարվածի գազավորված ըմպելիքի բիզնես և նպաստի բնական հյութերի բիզնես զարգացմանը, տնտեսագետը պատասխանեց.
«Այո, կհարվածի: Անուղղակիորեն կարելի է նաև դիտարկել այդպես, բայց նաև կզարգանա մեր տեղական արտադրությունը: Իհարկե բնական հյութի մեջ ևս շաքար կա: Եթե խնդիրն այստեղ գազավորված լինելու վնասակարությունն է և ոչ շաքարի ապա համամիտ եմ, որ բնական հյութերի վաճառքը զարգանա» ,- ասաց Մովսես Արիստակեսյանը:
Տնտեսագետը նշեց, որ գազավորված ըմպելիքի ոլորտի նահանջով, այնուամենայնիվ, կզարգանա Հայաստանի միգերից պատրաստվող բնական հյութեր բիզնեսը: Եզրափակելով իր խոսքը, Մովսես Արիստակեսյանը գազավորված ըմպելիքի բիզնեսով զբաղվողներին հորդորեց փոխել իրենց արտադրությունը և զբաղվել բնական հյութերի արտադրությամբ:
Սիլվի Տիգրանյան