«Հայտնաբերեցինք, որ Հայաստանի ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասն այլևս միությանը չեն պատկանում։ Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում։ Խնդիրը նրանում է, որ Ժուռնալիստների միության շենքում վատ վիճակ է, հատկապես՝ կապված երեք վարձակալների հետ, որոնք զբաղեցրել են կոմերցիոն նշանակության լավագույն տարածքը»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Սաթիկ Սեյրանյանը մանրամասներ ներկայացրեց վարձակալների զբաղեցրած տարածքների վճարների վերաբերյալ, որոնցից «Էլզա Գրիգ» ընկերությունը 798, 6 քկ տարածքը ենթավարձակալությամբ տվել է 2 ընկերությունների, որոնցից մեկի պայմանագրով պարզվել է, որ 798, 6 քկ-ի մի հատվածը ենթավարձակալության է տրվել 3մլն 800․000 դրամով։ Երկրորդ տարածքը վարձակալության է տրվում 5500 դոլարով, իսկ այդքան տարածքի համար 400․000 դրամ գույքահարկը, համատիրության վճարը միության վրա է թողնված։
«Փորձել եմ բազմիցս խոսել «Էլզա Գրիգ»-ի սեփականատիրոջ հետ, ճանաչված հեղինակություն՝ Խդոյի Գրիշ անունով, ով հայտնի է, որ տարածքներ է վերցնում, հետո մեծ գումարներով ենթավարձակալության է տալիս։ Երբ խոսեցինք և ասացինք, որ այսուհետ չի կարող մինչև 2080թ․ վարձակալության պայմանագիր լինել, ասաց՝ դու ինձ ուզում ես «քցես», ես էլ ասացի, որ թույլ չեմ տա, որ միությանը «քցի» ինչ-որ մեկը։ Միակ ճանապարհը մնում է դատարանը»,-ասաց Սաթիկ Սեյրանյանն ու հավելեց, որ «Ավանգարդ Քլաբ» ընկերությունն իր հերթին 764 քառակուսին մինչև 2112թ․ վարձակալության է տրվել 480․000 դրամով, կրկին գույքահարկը, համատիրության վճարները, հարկերը միությունը պետք է վաճարի։
Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ միությունը իրականում կարող է լուրջ եկամուտներ ունենալ, կարող է աջակցել լրատվամիջոցներին, կարող է բազմաթիվ օգնություններ ցուցաբերել՝ սոցիալականից մինչև ստեղծագործական, սակայն այսօր այդ հնարավորությունները չունի։ Տեսանյութը՝ aysor.am-ի։