Երևանի ավագանու այսօրվա նիստի երկրորդ հարցով՝ Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին զեկույցով հանդես եկավ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ 

«Խոսքը վերաբերում է 2019թ․ Երևան քաղաքի բյուջեի լրամշակումներին։ Ձեզ է ներկայացվում 2019թ․ լրամշակված բյուջեն` շուրջ 8 մլրդ դրամի ավելացմամբ, ինչի արդյունքում այն կկազմի 91, 1 մլրդ դրամ` 2019թ․ հաստատված 83,1 մլրդ դրամի դիմաց։

Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2019թ․ բյուջեի եկամուտների մասում տեղական տուրքերն ավելացնել 75 մլն 400 000 դրամով Երևան համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար, Երևան քաղաքի քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով գլխավոր հատակագծի տուրքի վճարներն ավելացնել 49 մլն 300 000 դրամով։

Համաձայն ՀՀ կառավարության 2018թ․ դեկտեմբերի 27-ի N15-15 որոշման՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման համար նախատեսված սուբսիդիայի գումարը նվազեցվել է 9մլն 909 000 դրամով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման համար հատկացվող գումարներն ավելացվել են 876 000 դրամով։

Հաշվի առնելով 2018թ․ Երևանի բյուջեի փաստացի կատարողականի արդյունքները և տարեսկզբի ազատ մնացորդի ճշգրտված չափը՝ նախագծով նախատեսվում է կառավարման մարմնի պահպանում՝ ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել 80 մլն 576 000 դրամով, առաջրկվում է վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրին ավելացնել 23 մլն 900 000 դրամ՝ Աջափնյակ, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների շենքերի վարչական նորոգման համար»,-հայտարարեց Սարգսյանը։

Ելնելով վերոնշյալ հարցերից՝ առաջարկվեց Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները։

38 կողմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ որոշումն ընդունվեց։