Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով երկու հարց: Դրանցից մեկը վերաբերում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն: Համապատասխան որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Երեւանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ: Նաև սահմանվում է կառավարչի գործունեության արդյունքում առաջացած շահույթից Երեւան համայնքի մասնաբաժնի նվազագույն չափերը՝ առաջին տարին՝ 77 միլիոն դրամ, երկրորդ տարին՝ 85 միլիոն, երրորդ տարին՝ 100 միլիոն դրամ: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեության չորրորդ եւ հետագա տարիներին տարեկան շահույթից Երևանի քաղաքապետարանի մասնաբաժինը պետք է լինի ընդհանուր շահույթի առնվազն 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 100 միլիոն դրամ: Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսվում է հավատարմագրային կառավարման հանձնել 10 տարով:
Նախկինում, ինչպես գիտենք, այս յուղալի բիզնեսը տրված էր «Փարքինգ Սիթի» և «Լոկատոր» ընկերություններին: «Փարքինգ Սիթի»-ն բազմաթիվ հրապարակումներում կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի և Միհրան Պողոսյանի քեռու անվան հետ: Եթե կայանատեղին հավատարմագրման հանձնվի «Փարկինգ Սիթի»-ին, ապա պետք է փաստել, որ քաղաքապետարանը բավական երկիմաստ և ծիծաղելի վիճակում կհայտնվի: Սակայն չի կարելի բացառել նաև, որ որոշման հիմքում ընկած է մերձիշխանական շրջանակներից որևէ մեկին յուղոտ բիզնես նվիրելու ցանկությունը, այլ կերպ ասած, նոր իշխանությունները ոչ թե տուրք են տալիս նախկիններին, նպաստում նրանց բիզնես առաջընթացին, այլ բուծում են սեփական «սաշիկներ», հեղափոխական նոր օլիգարխներ, որոնց միջև էլ կբաշխվի նախկիններից օրենքի տառին համապատասխան և շնորքով վերցրած յուղոտ պատառները…