ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Անուշ Բեղլոյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Արմեն Փամբուխչյանը մարտի 25-ին կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի մշտական հանձնաժողովների՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստերից:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ: Նիստում քննարկվել են մի շարք մոդելային օրենքների՝ մասնավորապես գնագոյացմանն ու հարկային վարչարարությանը վերաբերող նախագծեր. դրանք հետագայում կարող են ուղեցույց լինել ազգային օրենսդրությունները մշակելիս: Օրենքների նախագծերը կքննարկվեն վեհաժողովի լիագումար նիստում:
Անուշ Բեղլոյանը, որն ընտրվել է Մշակույթի, սպորտի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, տեղեկացրել է, որ հանձնաժողովում քննարկվել են բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, այդ թվում՝ դպրոցական սպորտին, սոցիալական տուրիզմին վերաբերող: Հանձնաժողովի օրակարգում է «Մշակութային արժեքների պահպանման մասին» կոնվենցիայի նախագիծը, որի քննարկումը հետաձգվել է շուրջ կես տարով: Հայկական պատվիրակությունը նախատեսում է մի շարք առաջարկներ ներկայացնել: Կոնվենցիան հետագայում կառաջարկվի ազգային խորհրդարանների վավերացմանը: Գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովում աշխատել է Արմեն Փամբուխչյանը:
Քննարկվել է 12 նախագիծ, երեքի վերաբերյալ հայ խորհրդարանականները ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Տիգրան Ոլիխանյանը խոսել է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եւ տեղեկացրել, որ քննարկվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների 2019-20 թվականների անդամավճարների հարցը:
Բանախոսների տեղեկացմամբ՝ հանձնաժողովների կողմից առաջարկվող մոդելային օրենքների մոտ 10 տոկոսն է հետագայում հիմք դառնում ԱՊՀ անդամ երկրների համար օրինագծեր մշակելիս, ուստի որոշվել է այսուհետ կյանքի կոչել այնպիսի օրինագծեր, որոնք գործնականում կիրառելի կլինեն: