Թուրք-հունական հարաբերություններում կարծես նոր ճգնաժամն է հասունանում. Աթենքը պնդում է, թե Թուրքիայի ռազմական օդանավերը երեկ ապօրինի ներխուժել են Հունաստանի օդային տարածք ու հետապնդել երկրի վարչապետի ուղղաթիռը:
Ընդ որում միջադեպը տեղի է ունեցել ոչ պատահական վայրում և ամենևին էլ ոչ պատահական ժամանակ:
1821-ից սկսած հույները մարտի 25-ը նշում են որպես թուրքական լծի դեմ սկսված ապստամբության կամ Հունաստանի անկախության օր: Այս տարվա տոնակատարությունները կառավարությունը որոշել էր անցկացնել ոչ միայն մայրաքաղաք Աթենքում, այլև՝ Թուրքիայի սահմանից քիչ հեռու գտնվող փոքրիկ՝ ընդամենը մի քանի հարյուր բնակիչ ունեցող Ագաթոնիսյոն կղզում: Հենց այստեղ էլ, ըստ հույն վարչապետի, իր ուղղաթիռը հայտնվել էր թուրքական զինուժի թիրախում:
«Նրանք ստիպեցին, որ ինձ տեղափոխող ուղղաթիռը փոխի թռիչքուղին, ներքևում մանևրներ անի, մինչև հունական զինուժը ժամանեց, և ինչպես պատահում է նման դեպքերում, ստիպեց նրանց լքել մեր օդային տարածքը»,-ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։
ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունները, չնայած դաշնակցային հարաբերություններին, մի քանի տասնամյակ է՝ չեն հաղթահարում պատմական տարաձայնություններն ու տարածքային վեճերը, այդ թվում՝ Կիպրոսի մասնատման ու բռազավթման շուրջ: