Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը բազմիցս հայտարարել է՝ «ինչպես ավտոկայանի նայող՝ Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանի կողքին կանգնած լակոտ-լուկուտները, այնպես էլ այլ ուղևորափոխադրողներ՝ անօրինական ձևով սեփական մեքենաներով մտել են իր գիծ և խոչընդոտում են իր ընկերության աշխատանքին»։
Խաչատրյանի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել ենք թե՛ Կապի և տրանսպորտի նախարարությանը, թե՛ այլ լիազոր մարմինների, սակայն շարունակվում են խախտվել ընկերության իրավունքները, և ապօրինի իրականացվող ուղևորափոխադրումները չեն դադարում, ինչի հետևանքով ընկերությունը սնանկացել է։
ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ասաց, որ ամենօրյա վերահսկողական աշխատանքներ են իրականացվում․ «Չվացուցակով մեքենաներից բացի ուղևորափոխադրումներ են իրականացնում նաև սպիտակ համարանիշերով մեքենաներ, ինչը համարվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև վնասում է կանոնավոր ուղևորափոխադրողներին։ Մենք քայլեր ենք ձեռնարկում ՊԵԿ-ի հետ միասին ինչպես Երևան-Արմավիր գծում, այնպես էլ բոլոր ապօրինի ուղևորափոխադրողներին չեզոքացնելու ուղղությամբ, որպեսզի գործունեություն չծավալեն կանոնավոր ուղևորափոխադրումների համակարգում։ Սակայն անհրաժեշտ է որոշակի ժամանակ խնդրին լուծում տալու համար»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ Շուշանիկ Խաչատրյանը հստակ անուններ է հնչեցնում, մասնավորապես, շոշափվում է Ռուբեն Կոստանյանի անունը, ում պատկանող մեքենաները անօրինական գործունեություն են ծավալում շատ երկար տարիներ։ Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերե՞լ եք նրան պատկանող ավտոմեքենաներ հարցին ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց․ «Չեմ կարող բացառել, կարող է լինել։ Կան սպիտակ պետհամարանիշերով «Գազել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք այդ գծում ուղևորափոխադրումներ իրականացրել են միշտ։ Հիմա միգուցե ավելի քիչ կամ գաղտնի պայմաններում։ Փաստորեն, հիմա կան մեքենաներ, որոնց վրա ցուցանակներ փակցված չեն, բայց գրանցված են որպես ուղևորափոխադրման իրավունք ունեցող անհատ ձեռներեցներ։ Այսինքն՝ մարդիկ կարող են զանգել և մեքենան իրենց և իրենց ընտանիքին տեղափոխի մեկ այլ վայր։ Դրա իրավունքն ունեն, բայց չունեն իրավունք կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում որոշակի չվացուցակով գործունեություն ծավալելու»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։
Նա նշեց՝ խնդրին լուծում տալու համար սպասում են մոտ օրերս վարչական իրավախախտումների մասին օրենքում համապատասխան փոփոխություն կատարելուն, որպեսզի կարողանան պատասխանատվության միջոցներ կիրառել։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ դիմել են ՊԵԿ-ին, որն այսօրվանից արդեն սկսել է վերահսկողական գործառույթ և ուղևորափոխադրողներին պատասխանատվության ենթարկելու գործընթաց։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասել էր, որ բավականին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել սպիտակ համարանիշներով աշխատանք իրականացնող մեքենաների ուղղությամբ․ «Տուգանքներ են գրվել բազմիցս, այնուամենայնիվ, խնդիրը դեռևս առկա է, բայց խնդիրների մեծ մասը չեզոքացվել է: Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինն ակտիվորեն մեզ հետ համագործակցում են, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ընկերության տնօրենի ու վարորդների բողոքին անդրադառնալով` ասել էր Արշակյանը: