03:21
Արման Բաբաջանյան. «…Արցախյան հարցի ցանկացած լուծման պետք է պատրաստվենք…»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպումը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կամ առնվազն տարակուսելի արձանագրումներ։

Դրականն առաջին հերթին բուն բանակցությունների կայացման փաստն է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո։ Կարող ենք արձանագրել, որ բանակցային գործընթացը վերադարձավ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձևաչափ, քանի որ անցած ամիներին այն կարծես դուրս էր եկել մեզ համար չափազանց կարևոր այդ ձևաչափից։ Եվ խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ Վիեննայում, այնտեղ, որտեղ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած գագաթաժողովի արդյունքում ձեռք բերվեցին հայկական կողմի համար չափազանց կարևոր պայմանավորվածություններ և Ադրբեջանը ստանձնեց մի շարք կարևոր պարտավարությունները, որոնք հետագայում, իհարկե, կյանքի չկոչվեցին։

Վիեննայի հանդիպման դրական արդյունք պետք է համարել նաև այն, որ համանախագահների կողմից հանդիպումը որակվել է որպես «կառուցողական» և որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։ Դրականն այսքանով, ըստ էության ավարտվում է և առաջ են գալիս տարակուսանքները։

Մասնավորապես ոչ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում, ոչ Ավստրիայի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիմանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պարզաբանումներում, ոչ Իլհամ Ալիևի հայտարարություններում որևէ խոսք չկա Արցախի բանակցային սեղան վերադարձնելու մասին։

Վարչապետի խոսքում ոչինչ ասված չէ նաև բանակցային գորընթացում ներառված մադրիդյան 3 սկզբունքների և 6 տարրերի մեկնաբանության մասին։ Մինչդեռ սրանք էին բանակցային գործընթացում Հայաստանի օրակարգի հիմնական տարրերը, որոնք ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Վիեննայի հանդիպման ժամանակ հայկական օրակարգը չի քննարկվել կամ քննարկվել է այնպիսի համատեքստում, որ դրա մասին որևէ արձանագրում տեղ չի գտել ոչ համանախագահների, ոչ երկու երկրների ղեկավարների հրապարակային խոսքում։

Հանդիպման միակ շոշափելի արձանագրումը մարդասիրական քայլեր կատարելու մասին պայմանավորվածությունն է։ Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանյանը ավելի ուշ հայ համայնքի հետ կայացած հանդիպմանը որոշակի պարզաբանումներ է ներկայացրել այդ առնչությամբ, արդյուհանդերձ դեռևս միարժեքորեն հասկանալի չէ՝ ինչ են ենթադրելու այդ հումանիտար քայլերը։

Վիեննայի հանդիպման առանցքային ձեռբերում պետք է համարել հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված համաձայնությունների կայացումը։ Եթե ավելի պարզ՝ կարող ենք արձանագրել, որ Վիեննայի հանդիպման արդյունքներով գրեթե բոլոր փորձագետների կողմից անխուսափելի համարվող պատերազմը հետաձգվում է։ Ինչ ժամկետով, բնականաբար, դժվար է ասել։

 

Հայաստանի համար այդ ժամանակահատվածը հնարավորություն է ամրանանլու, հզորանալու, տնտեսությունը, հանրային կյանքը որակապես նոր մակարդակի բերելու համար։ Մինչդեռ մենք այդ ուղղությամբ որևէ տեսանելի տեղաշարժ չենք տեսնում։ Հայաստանի կառավարությունը զբաղված է տնտեսության օպերատիվ կառավարմամբ, մենք դեռևս չենք տեսել տնտեսության բեկումնային զարգացման ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր։ Մենք ունենք պետական կառավարման համնակարգերի աններդաշնակության, զարգացման անհամաչափության խնդիր և մեր անվտանգության ապահավումը շարունակում է կախված մնալ միայն զինված ուժերից։

Մինչդեռ անվտանգության ապահավումը պետական կառավարման բոլոր համակարգերի ու բոլոր մարմինների խնդիրն է, մենք արցախյան հարցի ցանկացած լուծման պետք է պատրաստվենք ոչ միայն մարտունակ զինված ուժերով, այլև հզոր տնտեսական ու սոցիալական համակարգերով, բարենորոգված հանրային հարաբերություններով ու դեմոգրաֆիական փոփոխված պատկերով, ճկուն արտաքին քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի էջից:


 

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս