Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ Շենգավիթում հայտնաբերել են թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդգես Միքայելյանին։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում ապրող 55-ամյա Միքայելյանը ընթերակաների ներկայությամբ խուզարկվել է։ Հայտնաբերվել է երկու փաթեթ։ Մեկում «B8» գրառմամբ ամբողջական դեղահաբ էր, մյուսում՝ «8» գրառմամբ դեղահաբի կտոր։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը սուբուտեքս է եղել։
Ոստիկանները շարունակել են օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու համար, թե ումից է Միքայելյանը ձեռք բերել սուբուտեքսը։ Համատեղ աշխատանքը հենց նույն օրը արդյունք է տվել։ Երևանի բնակիչ, 36-ամյա Վազգեն Գևորգյանը ժամերի ընթացքում հայտնաբերվել ու թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ինչից հետո դատարանի որոշմամաբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։