Սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ:
Ինքը` Աննա Հակոբյանն իր ելույթում ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումներն ընդգծեց, որ երկիրը լիարժեք ժողովրդավարության և իրական տնտեսական աճի ապահովման ճանապարհին է, և այդ ճանապարհին ողջունելի է յուրաքանչյուր աջակցություն Հայաստանի բարեկամների կողմից:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծեց, որ Կոնգրեսն իր կողմից ամեն ջանք կգործադրի, որպեսզի Միացյալ Նահանգները Հայաստանին արժանի աջակցություն ցուցաբերի թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումով: «Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե կպահպանվի, այլ որ այն կբարգավաճի, և երկիրը լիարժեք զարգանա», – նշում է Սփիրը:
Հայաստանի հեղափոխությունը տպավորել էր նաև Դեմոկրատական կուսակցության առավել ազդեցիկ կոնգրեսականներից մեկին՝ Ադամ Շիֆին, ով բազմաթիվ այլ կոնգրեսականների օրինակով եկել էր անձամբ ծանոթանալու Աննա Հակոբյանի հետ:
«Մեզ անհրաժեշտ է մեր երկրների գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի օգնենք ձեր հրաշալի կառավարությանը հաջողության հասնել»,-նշում է Շիֆը:
Եվս մեկ կարևոր հարց, որի մասին խոսում է Հայաստանի վարչապետի տիկինը կոնգրեսականների առջև, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ կանայք կոչ են անում աշխարհի բոլոր, այդ թվում և Ադրբեջանի կանանց իրենց ձայնը բարձրացնել հանուն խաղաղության, որպեսզի սահմանում չզոհվեն երիտասարդներ և ոչ մի կողմից:
«Ով, եթե ոչ կանայք, մայրերը առավել սուր են ապրում երեխա կորցնելու վիշտը և ով, եթե ոչ կանայք, մայրերը, պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության», – նշում է Հակոբյանը: Երեքշաբթի պաշտոնապես մեկնարկած այցը սկսվեց Կոնգրեսի և Կոնգրեսի գրադարանի այցելությամբ, որտեղ ներկայացրեցին այստեղ գտնվող հայկական գրականության նմուշները:
«Ես բոլորիդ միասին մեկ բան ունեմ ասելու, մեկ լուր ունեմ Հայաստանից, որ բերել եմ», – ավելի ուշ Հայաստանի դեսպանատանը Աննա Հակոբյանն ուղիղ դիմում է հայ համայնքին, – «Հեղափոխությունից հետո Հայաստանում ամեն ինչ սպասվածից նույնիսկ ավելի լավ է ընթանում»:
Հայաստանը Սփյուռքի կարիքն ունի, սակայն, նոր իրավիճակում Սփյուռքից այլ օգնություն է ակնկալվում, նշում է Հակոբյանը:
Երկու շաբաթից ավելի տևողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների և անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաև՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ տեղի հայ համայնքի հետ:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով, այցի հիմնական նպատակներից մեկն է ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ: