Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում` ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն:
Բողոքի ցույցն իրականացնում են Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Արծիվ 37 Արարատ մահապարտների հրամանատարի տեղակալ Եփրեմ Մարգարյանը, նախկին պատգամավորներ և քաղաքացիներ:
Նրանք պահանջում են, որպեսզի Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպի իրենց հետ և բացատրություն տա, թե ինչու են թույլ տվել, որ տրանսգենդեր անձը ամբիոնից հրապարակավ պահանջի իրենց հանդեպ լավ վերաբերմունք կամ օրինականացում: Նրանք իրենց հետ եկեղեցական բուրվառով խունկ են բերել, որպեսզի, իրենց խոսքով` խնկարկեն Ազգային ժողովի ամեն անկյունը և մաքրեն պղծված մթնոլորտից:
Ակտիվիստները Ազգային ժողովի դիմաց սպասում են, որ խորհրդարանից մոտենան իրենց` քննարկման նպատակով, վանկարկում են՝ «Ազատ, անպիղծ Հայաստան»:
«Մեր ազգի ճակատագրի հետ խաղացողների համար կդառնանք «կիլլերներ»»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: