Օրեր առաջ Աժ ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը դարձավ քննարկումների և բողոքի ալիքի առարկա։
Այսօր՝ ապրիլի 8-ին, Աժ դիմաց սկսվել է ակցիա՝ ԼԳԲՏ համայնքի դեմ։
Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։ Հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունի Բաղդասարյանը Աժ ելույթի մասին, պատգամավորը պատասխանեց՝ «Խորհրդարանական լսումները, որը կազմակերպվել էր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից, բաց օրակարգով էր։ Ինչպե՞ս, ի՞նչ եղանակով և ովքե՞ր են գրանցվել՝ կարծում եմ՝ քարտուղարությունը պետք է վերահսկեր։ Եթե մենք օրենքով ենք առաջնորդվում, ապա չենք կարող խտրականություն դնել։ Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքներից, ապա ցանկացած էակ՝ մարդ է, և պետք է պաշտպանվեն նրա իրավունքները»։
Հարցին, ճի՞շտ է արդյոք Աժ ամբիոնը օգտագործել քարոզի համար, պատգամավորը պատասխանեց. «Այստեղ ես խնդրահարույց երևույթներ տեսնում եմ։ Եթե մարդը ներկայացնում է իր հանդեպ ուղղված բռնությունների և խոշտանգումների մասին, ապա մենք պետք է ընդունենք որպես մարդ էակ, որը բարձրագույն արժեք է։ Նորից եմ ուզում կրկնել, որ պետական ամբիոնը օգտագործել, որպեսզի ձեռք բերեն որոշակի դիվիդենտներ, խնդրահարույց եմ համարում։ Բայց, երբ խոսում ենք մարդու իրավունքների մասին, ապա առաջին պլանում դիտարկենք մարդուն»։
Իսկ, թե ինչպե՞ս է պատգամավորը մեկնաբանում ակցաները և բռնության սպառնալիքները տրանսգենդերների հասցեին՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես որևէ կերպ չեմ նշել, որ կողմ եմ այդ համայնքին, բայց պետք է հանդուրժողականություն դրսևորել բոլոր տեսակի և բոլոր տեսակ մոտեցումներ ունեցող մարդկանց հանդեպ։ Հանդուրժողականությունը այն ոսկե միջինն ու բանալին է, որ կարելի է գտնել, որովհետև ցանկացած ծայրահեղական մոտեցման հիմքում ատելությունն ու բռնությունն են։ Դրանք ինձ համար դատապարտելի են»։