ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշմամբ, Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Երեկ էլ նշանակվել է տարածքային կառավարման փոխնախարարը՝ Լիլիա Շուշանյանը, ով աշխատել է դեռևս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետում:
Սարգիս Թորոսյանն աշխատել է ՀՀ երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Նրա ղեկավարն էր արդարադատության նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Սարգիս Թորոսյանը համարվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և Գրիգոր Մուրադյանի «մարդը»: Ի դեպ, 2018-ին ներկայացրած ֆինանսական հայտարարագրում որպես պաշտոնյայի սեփականություն են նշվել բնակարանն ու ավտոտնակը, ինչպես նաև «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտներ չի ունեցել: Այսինքն, աշխատել է նախագահականում, սակայն, ոչինչ հետ չի գցել…
Ինչ վերաբերվում է Արգիշտի Քյարամյանին, ապա վերջինս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության նախկին պետն է: 2018-ի հայտարարագրում, որպես եկամուտ, Քյարամյանը հայտարարագրել է աշխատավարձը, որն ամսական կազմել է 389 հազար դրամ: Անցած տարեվերջին փոխառության գումարը կազմել է 6000 դոլար: Բայց սա դեռ ամենը չէ. պաշտոնը ստանձնելիս Քյարամյանը նշել է, որ ունի անհատական բնակելի 2 տուն, 4 հողամաս, հողին ամրակցված այլ անշարժ գույք, մեկ ավտոտնակ: Քյամարյանը հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր: Նշենք, որ Քյարամյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի մեղադրող դատախազն էր: Մեկ փաստ էլ. հետաքրքիր է` 27-ամյա Քյարամյանն ինչպե՞ս է հասցրել այդքան ունեցվածք կուտակել, եթե չի եղել բիզնեսմեն, այլ մշտապես պետական պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում` աշխատելով քննիչ, դատախազ: Մինչ այս, նրա նշանակումը ՊԵԿ-ում՝ նույնպես հարցեր էր առաջացրել: Կար վարկած, որ Քյարամյանին փոխհատուցումով մեկուսացրել էին Նորատուցի Ալիկի գործից, ում ազատ արձակելու համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը:
Փաշինյանի կադրային նշանակումները անչափ խոսուն են: Ինչպես երևում է՝ հեղափոխությունից մեկ տարի անց էլ Փաշինյանի թիմը չսովորեց աշխատել, և վարչապետը նախընտրում է իր շուրջ տեսնել «հին գելերի», որպեսզի նվազագույնի հասցվեն իրեն մատուցվող արջի ծառայությունները…