Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականցնում Մնջոյանի անվան ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները:

Աշխատակիցների խոսքով` կառավարության որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ն Մնջոյան կենտրոնի մասնաշենքերից մեկի երրորդ հարկում գլոբալ վաճառքների և դեղագործական ակտիվ բաղադրամասերի մարքեթինգի` իր գործունեությունն է իրականացնում, սակայն ցանկանում է զբաղեցնել նույն մասնաշենքի մյուս երկու հարկերը նույնպես, ինչին աշխատակիցները դեմ են: Նրանց պնդմամբ` թույլ չեն տա, որպեսզի մասնաշենքը խլեն իրենց ձեռքից և իրենք մնան անելանելի վիճակում:

«Մեր մասնաշենքը խլում են մեր ձեռքից` անտեսելով մեր վաստակը և իրականացվող աշխատանքները: Ասում են, որ մեզ տեղափոխելու են այլ տեղ, բայց անորոշ է, թե արդյոք կգտնվի մեր գործունեությանը համարժեք շենք, կլինեն հարմար լաբորատորիաներ: Արդարացի չէ, որ մեր շենքը վերցնում են մեր ձեռքից և տալիս են արտասահմանյան կազմակերպության»,-ասացին Մնջոյան կենտրոնի աշխատակիցները:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ են վերցնում, աշխատակիցները պատասխանեցին. ««Ազադ» ընկերությունը ինչ-որ ներդրումներ է արել, բայց հաշվի չեն առնում, որ նրանցը բիզնես է, մերը` գիտություն»,-նկատեցին աշխատակիցները:

Խոսելով իրենց հետագա քայլերի մասին, աշխատակիցները նշեցին, որ եթե այսօր կառավարությունից որևէ մեկը իրենց խնդրի հետ կապված լուծում չտա, ապա նրանք կդիմեն գրավոր նամակի միջոցով:

«Մենք պատրաստվում ենք նաև գրավոր նամակով դիմել: Չգիտենք, թե որքան կշարունակվի մեր պայքարը. դա կախված է նրանից, թե ինչ պատասխան կտան մեզ կառավարությունից: Մենք նախորդ տարվա ամռանից բողոքում ենք, բայց դեռևս ապարդյուն է»,-ասացին աշխատակիցները` պնդելով, որ իրենց պայքարն ավելի շատ հանուն իրենց վաստակի և հանուն դեղագիտության զարգացման է: