Երեկ՝ ապրիլի 12-ին, «Կենտրոն» հեռուտաընկերության եթերում մեկնարկեց «Քայլ առ քայլ» հաղորդաշարը: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Կենտրոն» ՀԸ գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանը տեղեկացրեց, որ առաջին հաղորդաշարը լինելու է շարունակական:
«Իմ քայլը» հիմնադրամը «Կենտրոն» ՀԸ հետ համատեղ՝ բարերարների և կամավորների աջակցությամբ, սկսել են նոր նախագիծ, որի նպատակն է վերանորոգել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների բնակարանները:
Այս առիթով ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է նաև ծրագրի հեղինակ, ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանի հետ: Վերջինս նշեց, որ ծրագիրը հղացել է անցած տարի՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո. «Ծրագիրը ներկայացրի վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, և նախագիծը միանգամից արժանացավ նրա հավանությանը: Նա կարևորեց նման բարեգործական նախաձեռնությունների անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակը բարձրացնելու գործում և ասաց, որ հիմնադրամն անհրաժեշտության դեպքում կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների վերանորոգման գործում: Կենտրոն ՀԸ և «Իմ քայլը» հիմնադրամը սկսեցին զբաղվել ադմինիստրատիվ աշխատանքներով, կամավորների, դիմողների հավաքագրմամբ: Առաջին 2 բնակարանի վերանորոգումն արդեն ավարտվել է կամավորների, պրոֆեսիոնալների աջակցությամբ, ինչպես նաև պատգամավորների ներգրավվածությամբ: Երրորդ բնակարանի շինարարական աշխատանքներն ընթացքում են, իսկ չորրորդի աշխատանքները կսկսենք հաջորդ շաբաթ»,- նշեց Թորգոմյանը:
Ճարտարապետը նշեց, որ նպատակադրվել են նախագծի շրջանակում ամսական 2-ական բնակարանի վերանորոգում իրականացրել: Նա կոչ արեց նրանց, ովքեր հնարավորություն ունեն, ինչ-որ չափով մասնակցություն ունենալ ծրագրին. հեռուստացույց, կահույք, իրենց շինարարությունից ավելացած շինանյութ նվիրել, կամ գալ շինաշխատանքներին մասնակցել, իսկ բարերարները՝ ցանկության դեպքում, կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել էր ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք նոր հաղորդման նախագիծը:
Այդ օրվանից սկսվեց համագործակցությունն ու նպատակների իրագործմանը միտված աշխատանքները: