Քաղաքապետարանը Երևանում աղբահանությունն ապահովելու համար մեքենաների գնման մրցույթն անցկացնում է օրենքի խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Քաղաքապետարանն ամեն ինչ արեց մեկ կազմակերպությունից բոլոր մեքենաները գնելու համար։ 900 մլն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ և պետք է այն լինի բացարձակ օրինական, բայց այդուհանդերձ, քաղաքապետարանը մեր կոչերը չլսեց։ Քաղաքապետարանը հայտարարած մրցույթում մեքենաների տեխնիկական բնութագրում ներկայացրել է 6 այնպիսի պահանջ, որին համապատասխանում է ընդամենը 1 մակնիշի մեքենա, որը ներկրում է միայն «ԿամԱԶ» ընկերությունը»,- ասաց նա:
Խաժակյանը նշեց՝ այդ հարցով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Ես դիմել եմ նրան՝ նշելով որ տեխնիկական պահանջները չփոխելու դեպքում, մյուս կազմակերպությունները կարող են դիմել դատարան, որի հետևանքով մեքենաների ձեռքբերման գործընթացը կերկարի։ Բայց իրավիճակը գնաց այլ ուղղությամբ. գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչը այդ գնումը կասեցրեց: Քաղաքապետարանին պարտավորեցրին փոխել տեխնիկական բնութագրերը և հայտարարել նոր մրցույթ: Այդ ժամանակ կրկին քաղաքապետին դիմեցի, որ շատ արագ մրցույթ հայտարարվի, որի դեպքում մենք այսօր իսկ կունենայինք նոր մեքենաներ: Սակայն քաղաքապետարանը դիմեց դատարան՝ գնումների բողոքարկման խորհրդի որոշումը վիճարկելու համար: Քաղաքապետարանը շատ լավ գիտակցում էր, որ դատարան դիմելու դեպքում այդ գործընթացը շատ երկար կարող է տևել՝ ամիսներ, տարիներ, բայց գնաց այդ քայլին»,- նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը:
Ըստ նրա՝ քաղաքապետարանը գիտակցված է դիմել դատարան՝ քաղաքում աղբահանության ճգնաժամ ստեղծելու համար և այսօր դիմել է կառավարություն․ «Այսօրվա օրակարգում պետք է քննարկվի հարց, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տրվի մեկ անձից գնում իրականացնելու: Պնդում եմ, որ քաղաքապետարանը գործողություններ է կատարել, որ գնումը կատարի մեկ կազմակերպությունից։ Ես հայտարարում եմ՝ տենդերների խնդիրը ինչպես եղել է պայմանավորված, տպավորություն է, որ այդպես էլ շարունակվում է»,- ասաց նա: