«Հայաստանում, հատկապես սոցիալական ոլորտում, միշտ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք կարող ենք «Քաղաքացու օրը» որևէ ծրագիր չիրականացնել, մինչև վերջին օղակի խնդիրը, վերջին անօթևանի խնդիրը, վերջին կարիքավորի խնդիրը չլուծվի, եթե այդպես ծայրահեղացնում ենք»,-հայտարարեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով «Քաղաքացու օրը» նշելու համար 124 միլիոն դրամի վերաբերյալ քննարկումներին:

Նրա խոսքով` սոցիալական խնդիրները լուծելը բոլոր երկրներում հավերժ պրոցես է: Կան հարցեր, որոնց պիտի մեծ ուշադրություն դարձվի, բայց գերի մնալ դրանց և այլ ծրագրերով չզբաղվել` խոհեմ չէ. «Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքացու օրվան, ապա մենք գործ ունենք հեղափոխության սիմվոլի հետ: Հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դառնում այն, որ, այնուամենայնիվ, մենք հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք: Քաղաքացու տոնը, որն արդեն սահմանվել է՝ միտված է նաև որոշակի քաղաքակրթության ձևավորման կայացնելու ուղղությամբ և սրան ուղղել 124 միլիոն, կարծում եմ՝ արժի: Երբեմն չենք ասում բաներ՝ ենթադրելով, որ ամեն ինչ հասկացվում, է բայց, փաստորեն, կարիք կա բառացի ձևակերպումների: Հեղափոխությունը, մեծ հաշվով, քաղաքացու զարթոնք էր՝ աննախադեպ թվով քաղաքացիների մասնակցությամբ»:

Միրզոյանը չգիտի, թե ինչ ծրագրեր են կազմակերպվում այդ օրվա համար, քանի որ լուսադեմին է վերադարձել Հայաստան: Չգիտի նաև, թե այդ օրը որտեղ է լինելու ինքը:

«Բնականաբար, համերգներ էլ կլինեն. չէ՞ որ այդ օրը տոն է, սիմվոլիկ կերպով ճանապարհներ էլ կփակվեն: Պետք է սրտանց տոնել, որովհետև մենք խոսում ենք քաղաքացու երազելի հաղթանակի մասին»-ասաց Արարատ Միրզոյանը: