Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը գնդակահարում է իր ժողովրդին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимой газета»-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, որ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ստվերել է հայ-ռուսական հարաբերությունները։
Նրա խոսքով՝ ռուս վերլուծաբանները ոչ միշտ են լավ հասկանում Հայաստանի իրողությունները․ «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Ռուաստանում հաճախ են իրենց ընկեր համարել այնպիսի քաղաքական գործիչների, որոնք, այսպես ասեմ, բոլորովին ժողովրդականություն չեն վայելում, եւ հարուցել են դժգոհություն։ Ուզում եմ ասել հետեւյալը՝ Հայաստանում Ռուսաստանի ընկերը վարչապետը չէ, քաղաքական առանձին գործիչներ չեն, Ռուսաստանի ընկերը հայ ժողովուրդն է։ Սա պետք է նկատի առնել եւ նախապատվություն չտալ առանձին անհատների՝ ի հակառակ հայ ժողովրդի։
Ինչ վերաբերում է կոնկրետ Քոչարյանին, ապա կասեմ, որ Հայաստանում բոլորը հավասարն են օրենքի առաջ։ Սա այն քաղաքական փոփոխությունների էությունն է, որ տեղի են ունեցել մեր երկրում։ Այժմ կալանքի տակ է նույնսիկ մի փոխնախարար, որին անձամբ ես եմ նշանակել։ Իմ մերձավոր ազգականի դեմ հարոցվել է քրեական գործ։ Իսկ Մարտի 1-ի դեպքերը պետք է քննվեն եւ մեղավորները պատժվեն։ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը գնդակահարում է իր ժողովրդին։ Եվ սա հարց է ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի»,- նշել է նա։