Ինչպես հայտնի է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ իշխանություններից։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյան նշեց, որ ենթադրում է՝ դիմումը կմերժվի բավարար հիմքերի բացակայության պատճառով, ավելին տվյալ անձը կարտահանձնվի Հայաստան, որտեղ կորոշվի նրա դատավարական հետագա կարգավիճակը։
«Յուրաքանչյուր անձի իրավունքն է այս կամ այն դիմումով դիմել որևէ մարմնի կամ պետության՝ ակնկալելով օգնություն։ Սակայն, ես չեմ կարծում, և բացառում եմ վարկածը, որ Միհրան Պողոսյանը քաղաքական շարժառիթներով է հետապնդվում։ Այլ խնդիր է, որ տվյալ անձն իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը դիտարկում է քաղաքական հարթության մեջ։ Առաջադրվել է մեղադրանք, նրան տրվել է որոշակի դատավարական կարգավիճակ և զրկված չէ ՀՀ-ում պաշտպանության իրավունքից, ուստի կարծում եմ՝ եթե ինքը գտնում է, որ անմեղ է` պետք է իրականացնի այնպիսի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որի արդյունքներով կհիմնավորվի դա։ Եթե տվյալ անձն անմեղ է, բնականաբար որևէ մտավախության առիթ չպետք է ունենա, իսկ եթե մեղավոր է, ով ուզում է լինի պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց նա։
Փաստաբանի համար տարակուսելի է այն, թե ո՞ւմ կողմից է Միհրան Պողոսյանին հուշվել, որ դիմի Ռուսաստանի դաշնության մարմիններին․ «Արդյո՞ք հենց այս դիմումի տակ քաղաքական ենթատեքստ չկա, որովհետև ակնհայտ է, որ շարժառիթը կարող է բոլորովին այլ լինել։ Ո՞վ է նրան հուշել, որ այդպիսի դիմումով ներկայանա ՌԴ մարմիններին։ Չեմ կարող ասել նրանք այդպիսի խնդրագիր ստանալուց հետո ինչպիսի իրավական գործիքակազմ են կիրառում, սակայն Հայաստանն այս իրավիճակում պարտավոր է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավական ընթացակարգերը՝ տվյալ անձի արտահանձնման համար», - նշեց Նորիկյանը։
Հարցին՝ ո՞րն է Ռուսաստանում քաղաքական ապաստան տալու կարգը, արդյոք ՌԴ օրենսդրությունը թույլ տալի՞ս է այս պահին քաղաքական ապաստարան տալ Միհրան Պողոսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որքան ծանոթ եմ մամուլից, այնտեղ նա փաստաբան ունի և որքան հասկացա նրանք դիմել են ՌԴ նախագահին առընթեր խորհրդակցական մարմնին։ Դատելով այդ տեղեկություններից, հնարավոր է հանգել հետևության, որ քաղաքական ապաստարան տալու խնդիրը կարգավորվում է հենց այդ մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա՝ ելնելով իրենց օրենսդրության պահանջներից։ Ես չգիտեմ՝ ինչ չափորոշիչներ են պարտադիր լինելու քաղաքական ապաստան տալու համար, սակայն նախ Միհրան Պողոսյան անուն-ազգանունով քաղաքական գործիչ Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն չի ունեցել, հետևաբար տվյալ անձը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող իրեն համարել այդպիսին, որ մի հատ էլ քաղաքական հետապնդման ենթարկվի։ Նա ընդամենը եղել է միջին կարգի չինովնիկ, Արդարադատության նախարարության մի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար և մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները իրականացման ընթացքում հնարավոր չարաշահումների և վատնումների համար։ Հատկապես, որ նա քաղաքական բնույթի մեկ արտահայտություն վերջին 10-20 տարվա ընթացքում չի արտահայտել, քաղաքականությամբ չի զբաղվել։ Թող ներկայացնեն հիմքերը մենք էլ տեսնենք, թե ինչու է ենթարկվում քաղաքական հետապնդման»,- ասաց նա՝ հռետորական հարց բարձրացնելով՝ ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը։
Սոնա Հարությունյան