ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 2-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող 70-ից ավելի գիտահետազոտական կենտրոններ միավորող «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը՝ Բիզնեսի զարգացման եւ եվրոպական հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տնտեսության տարբեր ճյուղերում նորարարական մոտեցումների եւ ժամանակակից գիտության ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործմամբ մրցակցային եւ տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծմանը: Այս համատեքստում ՀՀ փոխվարչապետը կարեւորել է միջազգային հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը:

Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ իրենք մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը եւ այլն: Ավելացվել է, որ «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը նոր հնարավորություններ է փնտրում միջազգային համագործակցության համար՝ կարեւորելով այս տեսանկյունից նաեւ Հայաստանի դերակատարությունը:

Ինստիտուտի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետին են ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում կրթական հաստատություններում տնտեսության համար առավել կարեւոր գիտական նվաճումների ուսուցման կենտրոնների ստեղծման խնդիրների շուրջ: