Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: 

«Սիրելի՛ լրագրողներ,

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի և լրագրողների դերը այդ փոփոխությունների հարցում:

Լրագրողի մասնագիտական աշխատանքը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։

Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը։

Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում:

Սրանք առաքելություններ են, որ ծառայում են երկրի առջև կանգնած մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելուն ու փոփոխությունների սահուն անցումներ ապահովելու անփոխարինելի գրավականներ են:

Ցավոք, դեռևս առկա են լրագրողի դերի մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր:

Իրականում, լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը:

Իմ կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ աջակցել ձեզ՝ երաշխավորելու համար ձեր մասնագիտական աշխատանքի անխոչընդոտ իրականացումը:

Դուք ձեր պատասխանատու աշխատանքով դրական փոփոխություններ եք բերում մեր երկրում»,-ասված է օմբուդսմանի ուղերձում։