Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ դատական դեպարտամենտը՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։ Համատարած են լուրերը, որ Առաջին ատյանի դատավորներն ամեն ինչ անում են, որպեսզի այս գործն իրենց չմակագրվի։ Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատվում է այլ փաստով։
Բարձրագույն դատական խորհուրդը հենց այս օրերին քննարկում է երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այդ դատավորներն ինքնաբացարկ են հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով։ Եթե այդպիսի իրավիճակ եղել է խափանման միջոցի հարցի քննության ժամանակ, կարելի է պատկերացնել, թե ինչ խուճապ է դատավորների շրջանում՝ բուն գործի քննության ժամանակ։ Արդյոք նախաքննության մարմինն այնքան ապաշնորհ է աշխատել, որ որևէ դատավոր չի կամենում իր վրա վերցնել այս գործի պատասխանատվությունը, թե՞ դատավորներն իսկապես հավատացել են սկանդալային գաղտնասլումներից պատկերվող իրականությանը ու չեն ուզում թիրախավորվել գործադիր իշխանության, հատուկ ծառայությունների կողմից։
Դատական համակարգում ակնհայտորեն քաոս է, և այդ քաոսը հաղթահարել՝ իշխանությունների մոտ դեռևս չի ստացվում: Միակ հակաքայլը, որ կարողանում է իրականացնել Արդարադատության նախարարությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելն է: Սակայն ինչպես տեսնում ենք՝ դա էլ արդյունավետ գործիք չէ, քանի որ Գագիկ Հարությունյանի գլխավորած ԲԴԽ-ն այնքան էլ միտված չէ ընթացք տալու Արտակ Զեյնալյանի յուրաքանչյուր դիմումին: Իր հերթին, այլընտրանքային արդարադատության մոդելի ձևավորման գործընթացն էլ սկսելու հարցում իշխանությունները բախվում են թե՛ ներքին, թե՛ արտաքին դիմադրության: Մնում է սպասել, թե ինչ լուծում ի վերջո կգտնվի, և ով ի վերջո կստանձնի Քոչարյանի և գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին «դատելու» պատասխանատվությունը…