Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։ ՍԴ-ն, քննության առնելով Քոչարյանի դիմումը Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանը չի կարող գործն ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ ՍԴ կայացված որոշման էությունն այն է, որ գործընթացը չի կարող այդքան երկար տևել և կալանքի հարցը Վճռաբեկ դատարանից չեն կարող նորից ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան:

Картинки по запросу փաստաբան Արամ Վարդևանյան

Նա մանրամասնեց, որ կալանքի նախնական որոշումը կայացվել է հունիս-հուլիսին, որից հետո որոշում էր կայացվել անձեռնմխելիության մասին, որ չի կարող կալանք կիրառվել, այնուհետև նոյեմբերին Վճռաբեկը կրկին կալանքի հարցով գործն ուղարկել է Վերաքննիչ, որը բարձրաձայնվել էր դեռևս հունիս-հուլիս ամիսներին․ «Դատական օրենսգրքի նորմի էությունն էլ այն է, որ գործընթացը չի կարող այդքան երկար տևել: Սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան, երկրորդ՝ այն այլ կերպ է իրացվել 2-րդ նախագահի նկատմամբ, և հետևաբար` այն ենթակա է վերանայման: Վճռաբեկ դատարանն ինքը պետք է կայացներ վերջնական դատական ակտ, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում վճռաբեկ դատարանն այն ուղարկել է Վերաքննիչ քրեական դատարան նորից քննության: Այսինքն՝ ՍԴ-ի որոշման էությունն այն է, որ կալանքի հարցը չեք կարող ուղարկել Վճռաբեկից նորից Վերաքննիչ քրեական դատարան»,- նշեց նա:

Վարդևանյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի կողմից նոյեմբերին կայացված որոշումը պետք է վերանայվի․ «Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ չի եղել, որ Վճռաբեկ դատարանում կալանքի վերաբերյալ որոշում կայացվի, հետո ուղարկի Վերաքննիչ, հետո ամիսներ անց կայացվի որոշում, և փաստացի, սխալ մեկնաբանմամբ իրացված լինի վերջնական որոշումը»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը բաց նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին։

Սոնա Հարությունյան