Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Բացի այդ, առավոտյան Քոչարյանի փաստաբանական խումբը հայտնել էր, որ Սահմանադրական դատարանը բավարարել է իրենց դիմումը, ըստ էության, հարցականի տակ առնելով Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը:
 
Իրականում, արցախյան նախկին և ներկա իշխանությունների այս քայլը շատերի կողմից դիտարկվեց իբրև դեմարշ, սակայն պարզից էլ պարզ է, որ ո՛չ հեռացող Սահակյանը, ո՛չ էլ Արկադի Ղուկասյանը ինքնուրույն նման խաղ չէին սկսի: Դա չափից դուրս ռիսկային կլիներ նախկին համակարգի ներկայացուցիչների համար: Ստացվում է՝ նման քայլի արցախյան իշխանությունները գնացել են համաձայնեցված հայաստանյան իշխանությունների հետ, որոնք շատ լավ գիտակցում են, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը մեծամասամբ «ջուր» է, և մոտ ապագայում այդ գործը պարզապես փլուզվելու է՝ փլատակների տակ թողնելով Նիկոլ Փաշինյանի թիմի վարկանիշը: Այդ իսկ պատճառով, Հայաստանի իշխանությունները օգնության են կանչում Արցախին: Արդյունքում կստացվի, որ Հայաստանը բարեկամական ժեստ է անում, ընդգծում Արցախի իշխանությունների հեղինակության հանգամանքը, մյուս կողմից՝ ազատում է գլուխը քոչարյանական թնջուկից, որը սպառնում է լուրջ գլխացավանքի վերածվել Փաշինյանի համար…