Ֆրանսիայի արևելքում գտնվող դպրոցում աշակերտների ծնողները սովորողների շարքում 15 ոչխար են գրանցել՝ ի նշան դասարանների կրճատման դեմ բողոքի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

 

Միջադեպը տեղի է ունեցել Կրե-ան-Բելդոն համայնքում: Տեղական իշխանությունները ցանկացել են վերացնել ավելորդ դասարանը՝ սովորողների ընդհանուր թվաքանակի աննշան նվազման պատճառով: Ծնողները պնդել են, որ դրա հետևանքով կավելանա մնացած դասարանների աշակերտների թիվը, ինչը բացասաբար կանդրադառնա կրթության որակի վրա:

Արդյունքում, տեղացի ֆերմերը դպրոց է բերել իր գառներից 15-ին, որոնց պաշտոնապես գրանցել են դպրոցի աշակերտների ցուցակում:

Ցուցարարներին աջակցել է քաղաքապետ Ժան-Լուի Մարեն, որը հրաման է տվել դպրոցի բակը բողոքի ակցիա անցկացնելու նպատակով տրամադրելու մասին: