Նիկոլ Փաշինյանը այսօր երկու վտանգավոր հայտարարություն արեց, որը մամուլը չնկատեց: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին, որում վարչապետը ամփոփել էր իր վարչապետության 1 տարին և ներկայացրել 100 փաստ՝ նոր Հայաստանում արված փոփոխությունների մասին:

«Առաջին հայտարարությունը հետևյալն էր՝ մարդ, ով կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարն է, մարդ, ով բանակցություններին ներկայացնում է երկրորդ հայկական պետությունը, այսօր խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին՝ ասաց հետևյալը. «Հայաստանի դրական իմիջը Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքն է»:

Ուրեմն բանակը հեչ, զինվորը հեչ, մեր ռազմադաշտում կոփված կադրերը հեչ, տնտեսությունն ու հասարակությունը, կրթությունն ու մշակույթը՝ հեչ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի այսօրվա անվտանգության երաշխավորը Հայաստանի դրական իմի՞ջն է»,- ասաց Աշոտյանը և ավելացրեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը այդ ասուլիսը տար ապրիլի 1-ին, ինքն այս ձևակերպումը կորակեր որպես անհաջող կատակ. «Բայց նա այսպիսի հայտարարություն է անում՝ լինելով պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատար: Պատերազմի դեպքում՝ իմիջայի՞ն զորքերի հրամանատար եք լինելու, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների»,- ասաց նա, և նշեց երկրորդ  վտանգավոր հայտարարությունը, որ եթե Փաշինյանը լիներ հրապարակում, շատ հարցեր շատ ավելի հեշտ կլուծեր, քան վարչապետի կաբինետից:

«Էտ ի՞նչ հարցեր ես ուզում լուծել, որ վարչապետի կարգավիճակը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտականություններն ու լիազորությունները քեզ չեն բավարարում: Փողոցո՞վ ես ուզում նորից հարցեր լուծել: Արդեն վարչապետ լինելով՝ պետություն աշխատացնել չես կարողանում, երազում ես հայտնվել հրապարակում և քաղաքական ընդդիմախոսների բերանը փակես փողոցով»,- ասաց նա, և ավելացրեց, որ եթե Փաշինյանը աշխատեր այնքան, որքան խոսում է, մեկ տարվա ընթացքում կկարողանար կատարել աստղաբաշխական խոստումների գոնե մի մասը: