Չնայած բազմաթիվ հավաստիացումների, որ «Իմ քայլի» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել ևս՝ «տասովշչիկներ», «Իմ քայլի» խորհրդարանական ֆրակցիայում այսօր հարմարավետ կերպով հանգրվանած է նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Կարապետյան պատգամավորը նոնսենս է նոր Հայաստանում ոչ միայն այն առումով, որ փաստացի՝ նախորդ իշխանության ներկայացուցիչ է, այլ նաև այն պատճառով, որ հերքում է նոր իշխանությունների կողմից թմբկահարվող այն թեզը, թե նոր խորհրդարանում չեն լինելու գործարարներ և օլիգարխներ: Սակայն Կարապետյանը նոնսենս է նաև որպես գործարար: Բանն այն է, որ նա ճամբարափոխ եղած և նոր իշխանությունների կտուրի տակ ծվարած այն եզակի գործարարներից է, ով իր գործունեությամբ որևէ շոշափելի արժեք չի ստեղծել, էլ չենք ասում՝ տնտեսությանը տված օգուտի մասին: Սակայն «օգուտ» հասկացությունը Կարապետյանին անչափ հոգեհարազատ է: Մասնավորապես, պատգամավորն ակտիվորեն լոբբինգ է անում ռազմարդյունաբերության ոլորտում նոր օրենսդրական կարգավորումները: Դժվար չէ կռահել, թե ինչ շահագրգռվածություն ունի այս հարցում ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում մասնագիտացած ընկերության սեփականատերը:
 
Պատգամավորի՝ իր բուն պարտականությունների մասին Կարապետյանը շուտվանից է մոռացել: Ասվածի վկայությունն էլ նրա նախընտրական խոստումներն էին՝ ամեն ամիս այցելել Գորիս և հանդիպել քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրների մասին: Սակայն այստեղ էլ խոսքից գործի անցնելու ժամանակ Կարապետյանը, մեղմ ասած, թերացել է, Գորիսեցիները Կարապետյանին ընտրվելուց հետո ոչ տեսնում են, ոչ լսում:
 
«Սպեցեֆիկ օլիգարխ» պատգամավորն, ի դեպ, բավական մութ անցյալ ունի, որից ինչպես երևում է՝ ամեն գնով փորձում է ինքնամաքրվել՝ օգտվելով նպաստավոր պայմաններից: Բանն այն է, որ Կարապետյանին ժամանակին կասկածում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այդ դեպքից անմիջապես հետո Կարապետյանի տունը խուզարկության է ենթարկվել, իսկ ինքը մի քանի անգամ կանչվել է հարցաքննության: Գուցե նրան կասկածելու պատճառներից մեկն էլ մահափորձից օրեր առաջ արված հրպարակային հայտարարությունն էր, որով Կարապետյանը «խիստ պատիժ» էր խոստանում Սուրիկ Խաչատրյանին: Նոր Հայաստանում Կարապետյանը կարծես «դուխավորվել» է, և մոռանալով, որ ինքն էլ էր հանդիսանում այս գործի ֆիգուրանտներից մեկը, փորձում է այն շահարկելով, իր երբեմնի վրեժխնդրությունը իրականացնել: Սակայն այս պատմության ողջ զավեշտը նրանում է, որ Կարապետյանը գործի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանք է ներկայացնում մի անձի հայտարարություն, ով ժամանակին, իր իսկ ցուցմունքի համաձայն, 5․000 ԱՄՆ դոլար է ստացել Բուդաղյանների կողմից մահափորձն իրականացնելու համար, իսկ այսօր արդեն «ինքնաբուխ» կերպով փոխում է ցուցմունքը։ Ինչի՞ց է փորձում ապահովագրվել Կարապետյանը՝ նման հարձակվողական, բայց միևնույն ժամանակ, ձախողման մատնված մարտավարություն ընտրելով՝ դժվար չէ կռահել և իրավապահ համակարգը պարտավոր է ուշադրություն հրավիրել այս ակնհայտ փաստերի վրա...
 
Ինչևէ, կարող ենք փաստել, որ նախկին հանրապետական, իսկ այսօր արդեն նորաթուխ իմքայլականը իշխանական ճաբարին որևէ օգուտ չի տալիս, մինչդեռ իր անհիմն հայտարարությունների պատճառով հայտնվելով զավեշտալի իրավիճակներում, ակնհայտ կերպով ի ցույց դնելով իր ժամավաճառությունը խորհրդարանում, սեփական բիզնես շահերի բացահայտ լոբբինգով զբաղվելը՝ միանշանակ վնասում են Կարապետյանի նոր  թիմին: Իշխող քաղաքական ուժը, իր իսկ շահերից ելնելով, պարտավոր է սանձել նրան, կամ, առնվազն կոչ անել՝ իհարկե, ոչ թե հանգիստ նստել, այլ՝ զբաղվել իրեն վերապահված բուն աշխատանքով: Տիգրան Կարապետյանի դեպքում՝ դա, բնավ ավելորդ չէր լինի…