«Որպես Ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչ, բացառում եմ որևէ քաղաքական երբևէ հնարավոր համագործակցությունը»,- Ռոբերտ Քոչարյանի և իր աջակիցների հետ համագործակցության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Կարծում եմ՝ պարոն Քոչարյանն իրեն գերագնահատում է և եթե նույնիսկ հիմա նա ունի նկրտումներ՝ մտնելու քաղաքական դաշտ, այն ուժը, որը նա կստեղծի, չի կարող դառնալ ընդդիմադիր որևէ բևեռ, որովհետև դրա համար առնվազն հարկավոր է ժողովրդի վստահությունը, իսկ Քոչարյանը, նրան մոտ կանգնած մարդիկ, նախկին ռեժիմը, չի կարող Հայաստանում այլևս ունենալ այդ վստահությունը»։
Գորգիսյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» խմբակցությունը չի ընդունի Ռոբերտ Քոչարյանին որպես ընդդիմություն և որպես գործընկեր։ Պատգամավորը նշում է, որ պետք է հաշվի առնել իրողությունները։ Տեղի է ունեցել հեղափոխություն, որը նախորդ ռեժիմի դեմ էր, իսկ այդ ռեժիմը սկսվում է Լևոն Տեր-Պետրոսյանից և ավարտվում Սերժ Սարգսյանով։
«Այդ ռեժիմի դեմ էր հեղափոխությունը և այդ ռեժիմից ոչ ոք նոր Հայաստանում չպետք է տեղ ունենա։ Դա կնշանակի հին արժեքների, հին համակարգի վերածնունդ Հայաստանում, ինչն ուղղակի անթույլատրելի է, այդ դեպքում ներկայիս բոլոր գործընթացները կարժեզրկվեն»,- ասաց Գորգիսյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իշխանության դեմ պայքարող խումբը չի խոչընդոտի իշխանության կամ մնացած քաղաքական ուժերի գործունեությանը, պատգամավորը պատասխանեց, որ ցանկացած ուժ ինքն է որոշում՝ ինչպես մտնել քաղաքական դաշտ։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք քաղաքականություն են մտնում ուրիշներին վնասելով և սև PR-անելով, մյուսները գալիս են և խոսում են իրենք իրենց մասին։ «Մենք խոսում ենք մեր մասին, խոսում ենք մեր տեսլականների մասին, փորձում ենք ներկայացնել այն այլընտրանքները, որը մենք ունենք։ Իրենք սովոր են փչացնելու մեթոդաբանությանը, եթե հիշեք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, ցանկացած ուժ, որը փորձում էր մտնել քաղաքկան դաշտ, ենթարկվում էր տարբեր տեսակի տեղեկատվական «հարձակումների», տարբեր պիտակավորումների և այդ մեթոդով փորձում էին բոլորին փչացնել։ Կարծում եմ, որ հիմա էլ քաղաքական դաշտ մտնելու համար իրենք փորձելու են նույնը անել և՛ իշխանության, և՛ խորհրդարանական բոլոր ուժերի հանդեպ»,-նշեց Գևորգ Գորգիսյանը։
Գորգիսյանի խոսքով՝ իրենք միշտ պատրաստ են քննադատությունների, քանի որ ֆեյքերի ամենամեծ բանակն իրենց դեմ է։ Դրանք աշխատում են մի քանի ուղղությամբ՝ և՛ իշխանության ֆեյքերը, և՛ քոչարյանական կամ արտախորհրդարանական ուժերինը. «Այդ ամենի նպատակը Ազգային ժողովը դելեգիիմիլիզացնելն է։ Այսինքն, եթե ընդդիմությունը լեգիտիմ չէ, ապա Ազգային ժողովն էլ այլևս լեգիտիմ չի լինի։ Այդ պարագայում նրանք ունենում են տեղ՝ խաղի մեջ մտնելու, որպես արտախորհրդարանական նոր ընդդիմություն։ Նպատակը դա է, ստրատեգիան այդպես եմ տեսնում, բայց չեմ կարծում, որ դա կգործի, քանի որ մարդիկ մեր գործունեությունն էլ են տեսնում, նրանց էլ են հիշում։ Հասարակությանը կարելի է խաբել, բայց միայն քիչ ժամանակով, երկար ժամանակով դա չի աշխատի։ Հիմա նրանք փորձելու են մանիպուլյացիաներ օգտագործել, ցավոք, դրանք օգտագործում է նաև իշխանությունը, բայց կարծում եմ, որ ի վերջո հասարակությունը կկարողանա թացը չորից տարբերել»,- եզրափակեց պատգամավորը։
Ասպրամ Փարսադանյան