Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի իրականցվող ակցիային այսօր կրկին ներկա է ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Լրագրողների հետ զրույցում Գասպարին ասաց, որ ակցիայի եկել է ոստիկանությունից, նա այսօր կրկին բացատրություն է տվել։ Դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել, մնացած հարցերից Գասպարին տեղյակ չէ։
Նրա խոսքով՝ դեռ տեղեկություն չունի՝ ոստիկանությունը պարզե՞լ է իր վրա շիշ նետած անձի ինքնությունը, թե՞ ոչ։ Խոսելով իր բջջային հեռախոսի անհետացման մասին՝ Գասպարին, ցույց տալով գրպանների խորությունն, ասաց. «Այո՛, հեռախոսս անհետացել էր։ Գրպաններս խորն են և քիչ հավանական է, որ գրպանից դուրս գար և կորեր։ Ես ավելի հավանական եմ համարում, որ գողացել են միջադեպի ժամանակ։ Ինչը վկայում է այն մասին, որ Քոչարյանի աջակիցների մեջ կան պրոֆեսիոնալ գրպանահատներ։ Համենայնդեպս, ինձ թվում է՝ ոչ պրոֆեսիոնալ մարդը չէր կարող այնպես գողանալ, որ չնկատեի։ Ինձ ասացին, որ գտել են դատարանի բակում»։
Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում երեկ դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, Գասպարին ասաց, որ մինչև իր գալն էլ Քոչարյանի աջակիներն օրենքի կոպտագույն սխալներ էին թույլ տալիս։ «Այնքան թելադրող էին, որ ոստիկանությունը եւ կարգադրիչները ենթակայի դերում էին հայտնվել, այնպես որ ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է եկել՝ ոչ թե ինձ աջակցելու, այլ առաջին հերթին Մարտի 1-ի զոհերի հարազատներին աջակցելու։ Մենք ցույց ենք տալիս, որ նրանցից մեկն ենք, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Գասպարին
Այսօր Գասպարին փորձել է մտնել դատարանի դահլիճ, սակայն իրեն ասել են, որ տեղ չկա։ Հիշեցնենք, որ երեկ Վարդգես Գասպարին վնասվածք էր ստացել այտոսկրի շրջանում։